Լեհաստանում հունիսի 21 –ին մեկնարկող Եվրոպայի ամառային մարզական երրորդ խաղերի սկսվելուն մնացել է 112 օր:
Ստուգատեսի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ցանկում կրկին իր տեղն է գտել թաեքվոնդոն: Բանն այն է, որ Մինսկում, 2019թ. տեղի ունեցած երկրորդ խաղերում այն չի ներառվել: Եվրոպայի օլիմպիական կոմիտեն և մարզաձևի աշխարհամասի ֆեդերացիան հաստատել են երրորդ մարզահանդեսին մասնակցող առայժմ 208 այն մարզիկ – մարզուհիների ցանկը, որոնք համապատասխան վարկանիշային միավորներ ունեն: Նշած թիվը կավելանա ապրիլի 8 – 9 –ին Ռումինիայում կայանալիք թաեքվոնդոյի միջազգային ընտրական մրցաշարի արդյունքում:
Կրակովյան մրցությունում նշած մարզաձևում մեդալներ կխաղարկվեն տղամարդկանց և կանանց ութական քաշային կարգերում:
Եվրոպական երրորդ խաղերը տեղի կունենան 2023թ. հունիսի 21-ից հուլիսի 2-ը: Սպասվում է 48 երկրների 7000 մարզիկ – մարզուհիների մասնակցություն: Նրանք մրցումների 12 օրերի ընթացքում, Լեհաստանի 24 մարզահամալիրներում, հանդես կգան 26 մարզաձևերում, որից 19 –ում / նաև թաեքվոնդոյում / կխաղարկվեն Փարիզի օլիմպիական խաղերի արտոնագրեր: