Հայաստանից արտերկիր մեկնած ընտանիքների շատ զավակներ զբաղվում են սպորտով: Հաջողության հասնող մարզիկ – մարզուհիները սիրով հանդես են գալիս Հայաստանի դրոշի ներքո և համալրում մեր հավաքականները:
Նրանցից մեկն է 15 –ամյա Մարիա Ալեքսանյանը: Օրերս նա դարձավ ձիասպորտի համառուսական բաց մրցաշարի կրկնակի մրցանակակիր: 90սմ. բարձրությամբ արգելքների հաղթահարում մրցաձևում ճանաչվեց երրորդը: Հաջորդ ՝ մեկ մետր բարձրություն ունեցող պատնեշը դեռատի նժույգավարուհին ավելի հմուտ և հստակ << ցատկեց >> , գրավեց երկրորդ տեղը և պարգևատրվեց արծաթե մեդալով:
Մարիայի մասին տեղեկացանք ձիասպորտի համապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, մոտ անցյալի մեր նշանավոր վարպետ Նորայր Ստեփանյանից: Ասաց , որ մարզուհին ինը տարեկանից պարապում է աշխարհի նախկին չեմպիոնուհի Անաստասիա Շչերբակովայի գլխավորությամբ:
Նորայրը մտերիմ է Մարիայի հայրիկի ՝ գործարար Հակոբ Ալեքսանյանի հետ: Ծնողները ամեն բան անում են , որ Հայաստանի դրոշի պատիվը պաշտպանող իրենց դուստրը հաջողություններ գրանցի հայրենիքի օգտին ու դառնա մեր առաջատար մարզիկներից մեկը:
Մոսկվաբնակ այդ ընտանիքը նպատակ ունի ապագայում վերադառնալ Երևան: