Վրոցլավ քաղաք մեկնելու նախօրեին տեղեկացանք, որ Լեհաստանի հրաձգության բաց առաջնությանը կմասնակցեն նաև մեր երեք ներկայացուցիչներ:
Ստուգատեսին հայտավորված են եղել ութ երկրների 86 մարզիկ – մարզուհիներ / 51 տղամարդ, 35 կին /:
Ատրճանակավար կանանց մրցաշարում բոլորին գերազանցել է երևանցի Էլմիրա Կարապետյանը: 10մ. հեռավորությունից նա դիպուկ կրակոցներով վաստակել է 578 միավոր և արժանացել է հաղթողի պատվին:
Հայ մարզուհին, որը ընթացիկ մրցաշրջանում իր համար արդեն ապահովել է Փարիզի օլիմպիական ուղեգիր, իր թիմակից Բենիկ Խլղաթյանի ընկերակցությամբ, խառը մրցաձևում, 290+284 միավորների ընդհանուր գումարով ճանաչվել է երկրորդը:
Նույն՝ ատրճանակավար տղամարդկանց մրցումներում Բենիկ Խլղաթյանը 580 միավորով դարձյալ երկրորդ տեղն է գրավել:
Մեր թիմի երրորդ պատվիրակ, հրացանակիր Հրաչյա Բաբայանի մեկնարկը նույնպես հաջող էր: 10 մետրից նա վաստակել է 625, 5 միավոր և երրորդ արդյունքով մտել եզրափակիչ: Վճռական փուլում, ավաղ, Հրաչյան զենքի հետ կապված տեխնիկական խնդիր է ունեցել և դուրս է մնացել պայքարից: