ԱՌԱՋԻՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ ԿԱՅԱՑԱՎ

11:37 - 14 Ապր, 2022

Հայաստանի վեց և Վրաստանի երկու թիմեր մասնակցեցին բասկետբոլի Կովկասյան լիգայի անդրանիկ կանոնավոր առաջնությանը:

Եզրափակիչ հասան Վրաստանի «Մեգա» և տանտերերի «Վահագնի Սիթի» թիմերը: Հյուրերի առավելությամբ ավարտվեց հանդիպումը, որտեղ գրանցվեց   82 ։ 68 հաշիվը:

Այսպիսով, առաջնության հաղթող ճանաչվեցին վրաստանցի « գուլիվերները »: Նրանք հաստատեցին, որ   մարզաձևի հարուստ ավանդույթները շարունակվում են հարևան երկրում: Հիշենք, որ ԽՍՀՄ –ի գոյության ընթացքում վրաց բասկետբոլիստները համամիութենական գլխավոր թիմի կազմում իրենց վարպետությունն են դրսևորել օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և այլուր:   

-      Թող չստեղծվի այն տպավորությունը, թե  ընդհանուր պատրաստականության առումով մեծ տարբերություն կար մրցակիցների միջև, - զրույցի ժամանակ ասաց ՀԲՖ մրցավարական հանձնաժողովի նախագահ Դրաստամատ Մուրադյանը:  -  Արժանին մատուցելով  «  Մեգայի » խաղացողներին, ասեմ, որ մեր թիմը ուժեղ մրցակից էր հյուրերի համար: Ճիշտ է, տանտերերը առաջին երկու խաղափուլերում հաշվի մեջ զիջեցին, բայց երրորդում թիմերը հավասար միավորներ վաստակեցին և,  ավելին, չորրորդ խաղափուլում մեկ միավորի առավելությամբ հաղթեցին տանտերերը: Եթե մրցակցի դեմ կիրառած հակաթույնը մերոնք շուտ գտնեին, ապա հնարավոր էր, որ գլխավոր մրցանակը մնար Երևանում . . .

« Կովկասյան լիգան »  կդառնա ավանդական և այն նպաստում է մրցաշարում ընդգրկվող թիմերի ընդհանուր առաջընթացին: Առաջին ստուգատեսը հաջող ստացվեց և այդ գործին մեծապես նպաստեց նաև Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, որը աջակցեց կազմակերպական հարցերում:

Երրորդ տեղի համար պայքարում  « Նոր Բայազետը » 113 : 103 հաշվով հաղթեց « Մեդ Ֆոքսիսին »:

 

Այլ նորություններ