Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում զիջեց ռուս մրցակցին:
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող Եվրոպայի առաջնությունում 98 կգ քաշային ըմբիշների եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող 2013 թվականի աշխարհի չեմպիոն Նիկիտա Մելնիկովն էր: Ալեքսանյանին չհաջողվեց հաղթել մրցակցին և հայ ըմբիշը զիջեց 0:4 հաշվով:
Հիշեցնենք, որ Նիկիտա Մելնիկովին Արթուր Ալեքսանյանը պարտվել էր 2013 թվականի աշխարհի առաջնության և Ուսանողական խաղերի եզրափակիչներում: Ալեքսանյանը 2013 թվականի աշխարհի առաջնության եզրափակչից մինչ օրս պարտություն չէր կրել:
Մինչ այս Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը 1/8 եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր ուկրաինացի Դմիտրի Տիմաշենկոյին: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 6:2 հաշվով առավելության էր հասել ավստրիացի Դանիել Գաստլի նկատմամբ: Իսկ կիսաեզրափակչում Ալքսանյանը 6:2 հաշվով հաղթել էր թուրք Չենկ Իլդեմին:
Լուսանկարներն` այստեղ
Լատվիա, Ռիգա
ՀԱՕԿ լրատվության բաժին