ՄԻՔԱՅԵԼԸ ԳՈՀԱՑՐԵՑ

13:27 - 06 Փետ, 2022

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակներից առաջինը պայքարի ելավ աշոցքցի Միքայել Միքայելյանը: Նրա ելույթին հետևեցինք հեռուստատեսությամբ: Մարզազգեստի վրա փակցված էր 57 –րդ համարը:

Ակամա մտածեցինք, թե որքան լավ կլինի, եթե մեր շնորհալի դահուկորդը եզրագիծը հատի առնվազն 57 –րդը: Այդ պարագայում  իրենից ետ կթողներ 17 մարզիկի: Մրցակցությունը մեզ ուրախացրեց, որովհետև նա եզրագիծը հատեց 47 –րդը ու  գերազանցեց մեր սպասելիքները:

Պայքարը սկզբիցևեթ սուր բնույթ կրեց: Հեռարձակողները  հմտորեն ներկայացրին սկելեթոնյան մրցվավեճը /15 կմ դասական + 15 կմ ազատ ոճ /, որի լարվածությանը չդիմացան և մրցատարածությունը չհաղթահարեցին 21 դահուկորդներ: Նրանց թվում քիչ չէին մարզաձևի հարուստ ավանդույթներով երկրների ներկայացուցիչներ: Նշենք, որ նույնիսկ  իտալացի հայտնի Սալվադորին ետ մնաց մեր Միքայելից ու վերջնագծին հասավ նախավերջինը:

 

Հիրավի դիտարժան է օլիմպիական մրցաշարը: Երեկ խրախճանք ապրեցին նորվեգացի դահուկորդները, որոնք ունեցան երկու չեմպիոն ու նաև մրցանակակիրներ: Իսկ այսօր հաջողությունը ուղեկցեց ռուսներին, նրանցից երկուսը՝ Ալեքսանդր Բոլշունովը նվաճեց օլիմպիական չեմպիոնի, իսկ նրա թիմակից Դենիս Սպիցովը ՝ փոխչեմպիոնի կոչումը: Բրոնզե մեդալակիր դարձավ ֆինն Իվո Նիսկանեն:

Ավելորդ չէ նշել,  որ ոսկե դափնեկիրը ցույց տվեց 1:16:09,8,  իսկ մեր Միքայելը`  1:25:53.7 ժամանակ:

Հիշեցնենք, որ Միքայելը  փետրվարի 11 –ին  հանդես կգա 15 կմ դասական մրցավազքում: Մինչ այդ, փետրվարի 8 –ին, ասպարեզ կելնեն Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը:  

Ամեն բանից անկախ, մեր պատվիրակները շարունակում են  պարապել ու պահպանել համապատասխան մարզավիճակ: Անշուշտ, ասածը վերաբերում է նաև գեղասահորդներ Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգին:

Լուսանկարները ՝ Ասատուր Եսայանցի:

 

Այլ նորություններ