Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մասնակցեց Քութաիսում տեղի ունեցած միջազգային մրցաշարին: Այդ ստուգատեսը նվիրված էր աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր Ակակի Կակաուրիձեի հիշատակին:
Լավ մրցելույթներով առանձնացավ անվանի մասնագետ Վազգեն Բադալյանի և նրա օգնական Արթուր Ուլիխանյանի գլխավորած թիմը: Արժե նշել , որ ընդամենը մեկ ամիս առաջ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում փայլուն մրցելույթներ ունեցած մեր տղաներից միայն երկուսը հանդես եկան հուշամրցաշարում: Քութաիսի ռինգի մեր մյուս մասնակիցները 2005թ. ծնված պատանիներ էին, որոնց, ինչպես ասաց Վազգեն Բադալյանը, կազմակերպիչները ճիշտ կողմնորոշվելով, թույլատրել էին մենամարտել: Գնահատել են այն հանգամանքը, որ ընդամենը մեկ ամիս հետո, այսօրվա պատանիները կհամալրեն երիտասարդների շարքերը: Ահա թե ինչու վաստակավոր մարզիչը որոշել է ստուգել, միջազգային ռինգում տեսնել մեր պատվիրակների ընդհանուր պատրաստականությունը: Բացի այդ, մասնագետը նկատի է ունեցել նաև եկող մրցաշրջանում նախատեսված մրցումային խիտ գրաֆիկը: Առաջին միջազգային մրցաշարը Եվրոպայի երիտասարդական առաջնությունն է, որը տեղի կունենա Բուլղարիայում` 2022թ. ապրիլին:
Անդրադառնալով Քութաիսի միջազգայինին ,ասենք որ մեր թիմը կրկին հաջող հանդես եկավ, իր օգտին գրանցելով չորս առաջին, երեք երկրորդ և երկու երրորդ մրցանակ: