Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության 10-ակի և Եվրոպայի առաջնության 11-ակի չեմպիոն գեղասահորդ Իրինա Ռոդնինա կրկին Հայաստանում է: Աշխարհահռչակ գեղասահորդը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց իր անունը կրող մարզադպրոցի և հայ երեխաների մասին:
«Մենք նոր ենք եկել սահադաշտից: Այստեղ խնդիր չպետք է լինի վարպետության դասեր տալը, այլ դասընթացների հաջորդականություն է պետք: Դրանք պետք է լինեն մարզիչների համար: Այդ ամենը գեղեցիկ է նայվում լրագրողների համար, նույնիսկ երեխաների համար: Բայց պետք է ավելի լուրջ աշխատանք տանել»,-ասաց Ռոդնինան:
Խոսելով Եվրոպայի անցած առաջնության մասին և անդրադառնալով մրցավարության հարցին՝ օլիմպիական եռակի չեմպիոնը փաստեց. «Գեղասահքում մենք երբեք չենք քննարկում մրցավարների որոշումները: Կարող ենք դժգոհ լինել արդյունքից, բայց գեղասահքի չգրված օրենքն է՝ չդատել մրցավարների որոշումները: Հիմա մրցավարների աշխատանքը բավականին դժվարացել է: Ամեն ինչ կապված է համակարգչից: Իսկ եթե ցանկություն ունեք մրցավար ունենալու, ապա կարծում եմ ռուսական ֆեդերացիան պատրաստ է աջակցելու»:
Օլիմպիական չեմպիոնը խոսեց նաև հայկական դպրոցի, երեխաների ունեցած հեռանկարների մասին. «Չեմ կարող ասել, որ հայ պատանիների մեջ տաղանդավոր երեխաների չեմ տեսնում, և ասել որ նրանք չկան ևս չեմ կարող փաստել: Պարզապես ես ուշ-ուշ եմ գալիս Հայաստան: Եթե ինչ-որ արդյունքների մասին են ուզում խոսել, ապա պետք է շարունակական աշխատանք կատարել: Հիմա հարկավոր է, որ համբերություն ունենանք և իսկապես սկսենք աշխատել: Տաղանդներ կան, հարկավոր է գտնել նրանց»:
Դեռևս 2015 թվականի դեկտեմբերին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա են գտնվել Իրինա Ռոդնինայի նորակառույց գեղասահքի մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:
ՀԱՕԿ լրատվության բաժին