Մեկամյա ընդմիջումից հետո տեղի ունեցավ Հայաստանի լողի առաջնությունը: Երևանում, Դավիթ Համաբարձումյանի անվան լողավազանում մրցեցին 108 մարզիկ - մարզուհիներ: Նրանց ընդհանուր պատրաստականությունը, թող զարմանալի չթվա, գոհացրեց մասնագետներին: ՀՀ վաստակավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը զրույցում ասաց, որ շատ արդյունքներ գրանցվեցին որպես սպորտի վարպետի և միջազգային կարգի վարպետի ցուցանիշ: Եղան նաև հանրապետական ռեկորդներ: 100մ. ազատ լողաոճում 49, 73 վայրկյանով ՀՀ ռեկորդ սահմանեց և միջազգային վարպետի արդյունք ցույց տվեց Արթուր Բարսեղյանը: Նույն ոճում, կանանց պայքարում, վարպետի արդյունքով աչքի ընկավ Վարսենիկ Մանուչարյանը. 50մ. ՝ 26, 92 վայրկյան և 100մ. ՝ 58, 24 վայրկյան:
Արտակարգ լարված մրցակցություն ծավալվեց նաև 50մ., 100մ. և 200մ. բրասում: Նշենք թեկուզ 200մ. մրցատարածությունը: Առաջին եռյակում դասավորված Էդվարդ Ասատրյանի / Երևան / , Ռուբեն Հարությունյանի / Գյումրի / ,Դավիթ Մարգարյանի / Երևան / արդյունքների տարբերությունները ընդամենը տասնորդական վայրկյաններով են. 2.29,42, 2.30,00 և 2.30, 52: Էդվարդ Ասատրյանը 100մ. բրասում առաջին անգամ լրացրեց վարպետի նորման / 1.06,94 /: Այսքանով հանդերձ, մասնագետները հիշում են հեռավոր 1984թ. Արմեն Կոբելինի 100մ. սահմանած հանրապետական ռեկորդը բրասում՝ 1.04,80: Այդ արդյունքը առայժմ անգերազանցելի է:
Բոլոր մասնակիցներից միայն մեկը՝ Արթուր Բարսեղյանն ունի օլիմպիական վարկանիշային Բ՝ երկրորդ կարգի արտոնագիր,որին նա արժանացել է դեռևս 2019թ.: Բայց Տոկիո մեկնելու համար հարկ է լրացնել առաջին կարգը: Նա արագ վայրկյաններ պիտի ցույց տա պաշտոնական և վարկանիշային համապատասխան մրցաշարերում: Դրա համար անհրաժեշտ է համավարակի << թույլտվությունը >> : Կարևոր են Եվրոպայի, աշխարհի առաջնությունները, Բելառուսում, Լատվիայում, Ուկրաինայում, ՌԴ –ում և այլ երկրներում նախատեսված վարկանիշային մրցաշարերը: Ուստի հասկանալի է, թե ինչու նախորդ մրցաշրջանում չանցկացվեց լողի համապետական առաջնությունը: Եթե ոչ լողավազանում , ուրիշ որտեղ պետք է լողորդները օլիմպիական ուղեգիր նվաճեն: Ահա թե ինչի է հանգեցրել կորոնավիրուսը: