Հայաստանը երեք մարզիկ է գործուղում Մոսկվա ՝ Անատոլի Խառալամպիևի հիշատակը հավերժացնող սամբոյի միջազգային ավանդական մրցաշար: Այս մասին հայտնեց մարզաձևի համապետական ֆեդերացիայի նախագահ, պատվիրակության ղեկլավար Միքայել Հայրապետյանը: Նա հավելեց նաև, որ մարզիչ, միջազգային կարգի մրցավար Էդվարդ Ասլանյանը մարտի 25 –ին և 26 –ին մրցագորգ կուղեկցի 58 կգ քաշայիններ, վանաձորցի հեղինակավոր Տիգրան Կիրակոսյանին , գյումրեցի Գրիգոր Միխիթարյանին և 71 կգ քաշային, իջևանցի Վիգեն Մարտիրոսյանին:
Լուժնիկիի փոքր մրցասապարեզում սպասվում է լարված մրցակցություն: Բանն այն է ,որ ստուգատեսը նաև հանդիսանում է աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկը:
Հայտավորված են 21 երկրի ավելի քան 300 ներկայացուցիչներ: Նրանց թվում զգալի տոկոս են կազմում հեղինակավոր վարպետներ:
Գոտեմարտերի նկատմամբ հետաքրքրությունը կավելանա նաև այն հանգամանքով , որ առաջին անգամ մասնակիցները հանդես կգան մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հաստատած նոր քաշային կարգերում:
Ընդհանրապես կխաղարկվի մեդալների 21 հավաքածու՝ կանանց և տղամարդկանց մարզական, ու մարտական սամբոյի յոթական քաշային կարգերում:
1983 թ. ի վեր, մոսկովյան այս ստուգատեսի հաղթողներին շնորհվում է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում, իսկ Խառալամպիևի հուշամրցաշարի սկիզբը դրվել է հեռավոր 1980 թ. ՝ Մոսկվայի օլիմպիական խաղերի տարում: