ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՄԵԶ ՀԵՏ Է

12:40 - 30 Դեկ, 2020

ՈՒԵՖԱ-ն կազմել է չեմպիոնների լիգայի  մասնակից թիմերի  / նախկինում չեմպիոնների գավաթ / բոլոր ժամանակների  աղյուսակը, որում ընդգրկված է նաև Հայաստանի  լավագույն թիմ << Արարատը >>։

Ներկայացված է նաև մեր առաջատարի վիճակագրությունը: Այդ մրցաշարում  երևանյան թիմը հանդես է եկել մեկ անգամ։ Կաշվե գնդակի հայաստանցի վարպետները տարել են հինգ հաղթանակ և կրել ընդամենը մեկ պարտություն, խփել են 14 և բաց թողել  հինգ գնդակ:

Փաստերն արձանագրվել են 1974  - 75 թթ․՝ չեմպիոնների գավաթի խաղարկության հանդիպումներում։ << Արարատը >> հասել է մինչև քառորդ եզրափակիչ  ու միակ պարտությունը կրել է Մյունխենում՝ << Բավարիայից >> / 2 ։ 0  /:

Հիշենք, որ 1973թ. նվաճելով ԽՍՀՄ առաջնության հաղթողի ոսկե մեդալները, << Արարատը >>   իրավունք ստացավ մասնակցելու   Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկությանը: Գավաթակիր դարձավ Գերմանիայի Մյունխեն քաղաքի <<  Բավարիան >> ,  որը նշած մրցաշարի փուլերում միայն մեկ պարտություն կրեց ,այն էլ ` երևանյան թիմի հետ կայացած առաջին խաղում:

Մեզանում հյուրընկալված << Բավարիան >>  համալրված էր աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի յոթ ֆուտբոլիստներով , իսկ մյուս չորսը  տարբեր երկրների հավաքականների  առաջատարներից էին: Ոչ ոք չէր կասկածում  << Բավարիայի >> հաղթանակին : Եվ ահա << Հրազդան  >> ստադիոնի նստելատեղերը և նույնիսկ աստիճանները լիովին ծանրաբեռնած մարզասերները մի պահ լռեցին հյուրերի մեկնարկային  գրոհից, որն արդյունավետ ելք չունեցավ: Դրանից տանտերերը խուճապի չմատնվեցին և նրանց համար  մի տեսակ աննկատ մնաց այդ գրոհը: Փոխարենը մերոնք ,  իբրև արժանապատիվ կոլեկտիվ , սկսեցին  << հակահարված >>  տալ մրցակցին :

Հանդիպման 34 –րդ րոպեն էր ընթանում : << Արարատը >> հերթական գրոհն սկսեց և երկար փոխանցումով գնդակը կախեց  <<  Բավարիայի >> տուգանային հրապարակ, որը լցված էր չեմպիոն մրցակիցներով : Դեպի գնդակը ցատկով վեր սլացան աշխարհի խորհդանշական հավաքականի պաշտպան Ֆրանց Բեկենբաուերը  / որին անվանում էին կայզեր ֆրանց / և նրանից հասակով ցածր Արկադի Անդրեասյանը:

Բայց ով զարմանք , երևանցին ավելի բարձր ցատկեց, կարծես մի պահ օդում կանգ առավ , գտավ աշխարհի մեկ այլ չեմպիոն   Մայերի պաշտպանած դարպասը տանող ուղին և ահեղ մրցակցին օդային մարտում հաղթելով, գլխի գեղեցիկ հարվածով, գնդակը  հասցրեց նպատակակետին: Գոլ : Ստադիոնը թնդաց աղմուկից ու ծափերից: Հրազդանի կիրճը ուրախ արձագանքեց  << Արարատի >>  խփած գոլին և  հայ մարզասերի  վանկարկած << Արարատ  >> անունն  ասես արարատյան դաշտով սլացավ , զարնվեց Արարատի  գագաթին ու ալիքվելով  հասավ համաշխարհային մարզասերին ․ ․ ․

 2016թ. հոկտեմբերի 10-ին, բոլորեց ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր <<  Արարատի >>  ոսկեբեր հաղթանակների ուղիղ 43 տարին : Այդ առթիվ կատարվեց  արարատցիների արձանախմբի բացման հանդիսավոր արարողությունը: Ներկա էին բազմահազար մարզասերներ:

Կոմպոզիտոր Մատվեյ Բլանտերի << Ֆուտբոլային  քայլերգի >> հնչյունների ուղեկցությամբ ,  արարատցիները  ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ  կատարեցին արձանախմբի բացումը :

ԽՍՀՄ  չեմպիոնների և գավաթակիրների  արձանախումբը իր հիմնական գրանցումը ստացավ  << Հրազդան >>  ստադիոնի հարևանությամբ , այն մարզադաշտի ,      որը եղել է մեր ֆուտբոլի հաղթանակների խորհրդանիշը:

Յուրատեսակ այդ  կոթողի ստեղծման հովանավոր, ՀԱՕԿ -ի նախագահ Գագիկ Ծառուկյանի  բարի ցանկությամբ  բացումը կատարեցին  հայրենական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն թիմի` << ոսկեզօծ  Արարատի >>  ֆուտբոլիստները։

Բարեգործ Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված արձանախումբը հարստացրեց մեր մայրաքաղաքի պատմամշակութային կոթողների ցանկը: Քանդակագործների խմբի ղեկավարը Արմեն Սամվելյանն է, ճարտարապետը` Տիգրան Բարսեղյանը: Այցելուների թվում  զգալի տոկոս են կազմում  բազմաթիվ պատանիներ , շնորհալի ու խոստումնալից ապագա ֆուտբոլիստներ:

 

 

 

 

Այլ նորություններ