Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ավարտվեց սպորտային մարմնամարզության միջազգային ավանդական մրցաշարը։
Հաջող հանդես եկան մեր բազմամարտիկները: Մի շարք հեղինակավոր մարզիկների դեմ պայքարում երևանցի Արթուր Դավթյանը գրավեց երկրորդ պատվավոր տեղը: Նրա կրտսեր թիմակից Գագիկ Խաչիկյանը երրորդը ճանաչվեց երիտասարդների խմբում: Այս երկյակի արդյունավետ մրցելույթների շնորհիվ մեր հավաքականը թիմային պայքարում ճանաչվեց երկրորդը:
Հայաստանի պատվիրակները գոհացրին նաև առանձին գործիքների վրա մրցումներում: Հաստատվեց , որ օղակներ մրցաձևը հիրավի հայկական է համարվում, քանզի պատվո պատվանդանի առաջին և երկրորդ աստիճանները զբաղեցրին համապատասխանաբար Վահագն Դավթյանը և Արթուր Դավթյանը : Նույն մրցաձևում, երիտասարդների պայքարում , Գագիկ Խաչիկյանը երրորդն էր: Վերջինը երկրորդն էր նժույգ թափերում:
Վերը նշած բազմամարտիկներ Արթուր Դավթյանը և երիտասարդ Գագիկ Խաչիկյանը նույն հաջորդականությամբ երրորդն էին հենացատկի և զուգափայտի ստուգատեսներում:
Այսպիսով ՀՀ սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Հակոբ Սերոբյանի ուղեկցությամբ, կիևյան մրցաշարում հանդես եկած մեր եռյակի հաշվին գրանցվեց մեկ ոսկե, չորս արծաթ և վեց բրոնզե մեդալ: