ՄՈՍԿՎԱ – 80․ ԷԴՎԱՐԴ ԱԶԱՐՅԱՆ

11:33 - 23 Հուլ, 2020

Ծնվել է Երևանում  / 1958թ․ / ։  Սպորտային մարմնամարզությունից ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն,  համամիութենական սպարտակիադայի ոսկե դափնեկիր, աշխարհի գավաթակիր, 22-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն , ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, մայրաքաղաքի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է Էդվարդ Ազարյանը:

ԽՍՀՄ փլուզումից հետո Կալիֆորնիայի նահանգի  Ալիսովեգո  քաղաքում նա  հիմնել է << ԱԶԱՐՅԱՆՆԵՐ  >>  անունը կրող մարմնամարզության  ակումբ: Էդվարդը  օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն , փառաբանված Ալբերտ Ազարյանի  և նույն մարզաձևից ԽՍՀՄ սպորտի վարպետ , վաստակավոր մարզիչ Ելիզավետա Ազարյանի որդին է։

Էդիկը վեց տարեկանից է սկսել ընդօրինակել մարմնամարզիկներին: Գլուխկոնծի է տվել , կանոնավոր շարժել ոտքերն ու ձեռքերը: Փոքրիկով հիացել է մարզադպրոցի վաստակաշատ մարզիչ Վարդգես Առաքելյանը, ով նրան դարձրել է օլիմպիական չեմպիոն :

1974 –ին  16-ամյա  Էդիկը  ՀՀ  հավաքականի կազմում մեկնել է  Իրան : Այնտեղից նրան բժշկական պատգարակով  են հայրենիք բերել : Զուգափայտերից  անակնկալ վայր էր ընկել և կոտրել անրակոսկրը: Երևանում բժիշկներն ասել են ` պետք է վիրահատել, բացել կրծքավանդակը: Բայց հայրը որդուն տարել է Մոսկվա և իր վաղեմի թիմակցի ` օլիմպիական չեմպիոն Յուրի Տիտովի միջնորդությամբ հանդիպել – զրուցել է  բժիշկ Ռեուդի հետ : Վերջինս,  իր նորաստեղծ սարքն առաջին անգամ օգտագործել է հենց Էդիկի համար : Մեկ ամսում որդին ապաքինվել է, բուժման առթիվ Ռեուդին շնորհվել է բժշկագիտության դոկտորի կոչում, իսկ երևանցին վերադարձել է ասպարեզ: Որոշ ժամանակ անց` մարզվելիս ջարդվել է պտտաձողի բռնակը և մարմնամարզիկը բերանքսիվայր  <<  լողացել է >>  հատակին : Դահլիճում գտնվող մարզիչ - մայրը կարծել է, թե նորից կոտրվել է անրակը և ճչալով վազել է դեպի զավակը: Ընկած տեղից որդին ձայնել է `  մամ ջան, ոչինչ էլ չի եղել : Ու անտրտունջ ,  դժվարությամբ ոտքի է կանգնել : Այս մասին տիկին Լիզան հպարտությամբ է ասում , որ իր զավակը մեծ չեմպիոնին վայել կամք ունի :

Բնածին օժտվածությամբ, կամային բարձր որակներով մարմնամարզիկ է եղել Էդիկը: Ասպարեզի մարդիկ պատմում են , որ մրցումների ժամանակ իսկական մարտիկ էր, կյանքում ` արժանապատիվ մարդ:

ԽՍՀՄ ընտրական առաջնությունում / Դոնեցկում /  էր  որոշվում մոսկովյան օլիմպիական խաղերին մասնակցող հավաքականի վեցյակը: էդիկը հրաշքներ գործելով է մոտեցել եզրագծին : Մնացել է վերջին գործիքը ` պտտաձողը : Վախից ու մտահոգությունից անձնական մարզիչ Վարդգես Առաքելյանն ամբողջ մարմնով քրտնել է: Բանն այն է, որ նախորդ մրցման ժամանակ սանը հենց պտտաձողից էր ընկել ու վնասվածք ստացել: Մարզչի վիճակը գնահատում է Էդիկը: Նա մոտենում է ուսուցչին , ասում , որ  զուր է անհանգստանում , որ ինքն անթերի կկատարի վարժությունը: Այդպես էլ եղել է. հաղթել, մասնակցել է  օլիմպիական խաղերին ու տուն վերադարձել չեմպիոնի կոչումով։

 

Կյանքում բազմաթիվ դիպվածներ են եղել։ Հիշենք մեկը։ ԽՍՀՄ ժողովուրդների ամառային սպարտակիադայում / 1979թ․ /  հայորդին բազմամարտում հաղթահարել է  նախնական փուլերի արգելքներն ու մտել գլխավոր  եզրափակիչ: Իսկ մենապայքարային մարզաձևերից մեր մի բարձրքաշային վարպետ պարտվել էր, վշտից հարբել ու հյուրանոցի միջանցքում աղմկել: Գիշերը կիսվել է: Էդիկը մոտեցել է  նրան / անունը հասկանալի պատճառով չենք տալիս /  ու խնդրել , որ լռի: Իբրև պատասխան ` անակնկալ ապտակել է Էդիկին : Մեկ ուրիշը երևի թե նույնկերպ պատասխան տար: Բայց մարմնամարզիկը  դրսևորել է օլիմպիական սառնասրտություն ու մտել իր սենյակը:

 

Հաջորդ օրը նա նվաճել է  սպարտակիադայի  բացարձակ չեմպիոնի ոսկե մեդալը:

Երևան վերադառնալուց հետո, որոշ ժամանակ անց, նշանակված առաջին պարապմունքն սկսվել է, իսկ Ազարյանը դեռ չի երևացել : Մարզիչ Վարդգես Առաքելյանը զանգահարել է տուն։ Ասել են,  որ գնացել է մարզադպրոց: Պարզվել է, որ պատվասեր Էդիկը  եղել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Հանդիպել է այն  մարզիկին , ումից Մոսկվայում ապտակ էր ստացել: Նրան ասել է ` ներողություն խնդրիր և միջադեպը խաղաղ ավարտ կունենա : Դիմացինը հռհռացել, հայհոյել է և . . . տուժել:

 

2019թ․ փետրվարի 11 –ին Էդվարդ Ազարյանը եկել էր ծննդավայր։ Առիթը սիրելի հոր՝ Հայաստանի 20 –րդ դարի լավագույն մարզիկ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի ծննդյան հոբելյանական ՝ 90 –րդ տարեդարձն էր ։ Այն նախաձեռնել էր ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Հանդիպեցինք, զրուցեցինք չեմպիոն զավակի հետ։ Հուզված էր։ Ցանկանում էր մոտենալ խոսափողին, որդիական սերն ու երախտագիտությունը հայտնել ծնողներին։  Չկարողացավ։  Հասկանալի էին հայրենիքին ու ծնողներին կարոտած պարզ , շիտակ մարդու ու փառահեղ չեմպիոնի ապրումներն ու հույզերը։

 

 

Այլ նորություններ