Տևական դադարից հետո բացօթյա մարզումները վերսկսել են հեծանվորդները։ Խոսքը վերաբերում է խճուղայիններին, որոնք անգործության չեն մատնվել։
Անբարենպաստ եղանակների ժամանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի և նրա օգնականների ղեկավարությամբ << երկաթե նժույգի հեծյալները >> օգտվել են հիմնականում հեծանվադազգահներից, կատարել ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականության որակները բարելավող վարժություններ։
Մարզումների նորմալ պայմաններին վերադառնալու՝ պարետատան ընձեռած հնարավորությունը մեծ ոգևորություն առաջացրեց։ Մարզիկները վերստին սկսեցին երթևեկել մայրաքաղաքից տարբեր մարզեր տանող ճանապարհներով։ Անիվների խմբային երթը և դրա հարուցած մեղմ, մի տեսակ անտրտունջ հառաչը, նոր լիցք հարուցեց << ճանապարհների ուրվականներին>>, որոնք անհոգնում պտտում են հեծանիվների ոտնակները։
Մասնագետները տակտիկական առաջադրանքներ են տալիս, բացատրում այս կամ այն խնդրի կարևորությունը, խոսում, օրինակ, փաստում են արագությունը և ժամանակը մեկտեղելու նշանակությունը հաջողության հասնելու գործում և այլն։
Ավելորդ չէ նշել , որ վնասվածքից լիովին ապաքինվել է Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանը և նա նույնպես ներգրավված է պարապմունքներում։