Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի և Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի առաջին խաղարկությունը:
«Զարգացող ֆեդերացիաների դահուկավազքի գավաթի առաջին խաղարկությունը կանցկացվի Հայաստանում: Առաջին գավաթի խաղարկությանը կմասնակցեն 5 պետությունների ներկայացուցիչներ` Իրան, Ռումինիա, Սերբիա, Լիտվիա և Հայաստան: Մասնակիցները կլինեն 50-ը: Այն նաև վարկանիշային է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր տպավորություններով կիսվեց նաև Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի դահուկասահքի զարգացման ղեկավար Բրիտ Բալդիշոլը. «Ուրախ եմ Հայաստանում լինելու համար և հատկապես այն բանի համար, որ Հայաստանի դահուկային ֆեդերացիան առաջարկեց մեզ մասնակցելու այստեղ կազմակերպվող մրցաշարին: Ես կարևորում եմ զարգացող պետությունների առաջին գավաթի խաղարկությունը, քանի որ այն նոր հնարավորությունների կտա դահուկավազքով զբաղվողներին: Հայաստանում կա դահուկասահքի համար ամենակարևոր նախադրյալը` ձյունը: Ձեր երկրում առկա են բնության կողմից տրված հնարավորություններ: Ձեզ մնում է միայն ջանասիրաբար մարզվել: Հայ դահուկորդների շարքում է ես տեսա նաև տաղանդավոր մարզիկների»,-շեշտեց Բալդիշոլը:
Զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի խաղարկությունը կանցկացվի Ծաղկաձորում հունվարի 19-ից 21-ը: Հունվարի 17-ին Ծաղկաձորում կնշվի նաև ձյան համաշխարհային օրը:
ՀԱՕԿ լրատվության բաժին