Երևանի Օլիմպավանում այսօրվանից սկսվեց Հայաստանի բռնցքամարտի հավաքականի `օլիմպիական վարկանիշային միջազգային առաջին մրցաշարի նախապատրաստական վերջին հավաքը: Աշխատանքները կշարունակվեն մինչև մարտի 10 –ը, որից հետո տղաները կմեկնեն Անգլիա և կներգրավվեն օլիմպիական ուղեգրերը վիճարկելու ստուգատեսում:
Գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը այդ կարևոր ստուգատեսին կներկայացնի ութ մարզիկ: Նրանք կհայտավորվեն 52 կգ, 57 կգ, 63 կգ, 69 կգ, 75 կգ, 81 կգ, 91 կգ և + 91 կգ քաշային կարգերում: Բազմափորձ մասնագետը գիտակացաբար մրցավայր մեկնողների անունները չհրապարակեց:
Երևանյան հավաքում մարզիչներն առավել ուշադիր կլինեն բռնցքամարտիկների մասնագիտական և հատուկ ֆիզպատրաստականության որակների բարելավման վրա:
Խոսեցինք նաև Ուկրաինայի Նադվորնա քաղաքում Հայաստանի, Լեհաստանի, Չեխիայի` գլխավոր և տեղի երկրորդ հավաքականի հետ անցկացված համատեղ ուսումնամարզական հավաքից: Մեր պատվիրակությունը գոհ է մարզումային պայմաններից, մանավանդ` փետրվարի 16 –ին և 17 –ին նշած հավաքականների հետ կայացած ընկերական մրցամարտերից: Դրանք անցկացվեցին մրցումային կանոնակարգով և տղաները իրենց ընդհանուր պատրաստականությամբ լիովին արդարացրին մարզիչների սպասելիքները: