Պայքարելու ենք Օլիմպիական խաղերի երեք ուղեգրի համար. Դավիթ Խիթարյան

10:52 - 18 Դեկ, 2015

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց 2015 թվականը, խոսեց օլիմպիական ուղեգրերի, այս օրերին Ծաղկաձորում ընթացող ուսումնամարզական հավաքի և 2016 թվականի ծրագրերի մասին:

-Պարոն Խիթարյան, տարին մոտենում է ավարտին և այն ամփոփելու ճիշտ ժամանակն է: Ինչպիսի՞նն էր տարին ձյուդոյիստների համար:

-2015 թվականին 4 տարիքային խմբի բոլոր պաշտոնական մրցաշարեում Հայաստանի ձյուդոյիստները նվաճել են 33 մեդալ: Եվրոպայի պաշտոնական առաջնություններում նվաճել ենք երեք բրոնզե մեդալ` 2-ը մինչև 21 տարեկանների առաջնությունում, մեկը` վետերանների: Վետերանների աշխարհի առաջնությունում ունենք մեկ բրոնզե մեդալ և ևս մեկ ոսկե մեդալ խուլերի Եվրոպայի առաջնությունում: Ինչու եմ դրանք ընդգծում, որովհետև նրանք ներկայացրել են մեր պետությունը, այդ իսկ պատճառով կարևորում ենք: Մեդալները քիչ չէին, բայց արդյունքներից գոհ չենք, քանի որ ակնկալում էինք ավելի շատ մեդալներ` Եվրոպայի և աշխարհի առաջնություններից:

-Եթե համեմատեք 2014 թվականի հետ, այս տարի առաջխաղացում կա՞ թե, ընդհակառակը, հետընթաց է նկատվում:

-Մեդալների առումով 2014-ն ավելի հաջող էր, քանի որ ունեինք Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ: Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճել էինք մեկ արծաթե մեդալ, իսկ այս տարի` երկու բրոնզե:

-Օլիմպիական խաղերի քանի՞ ուղեգիր կարող են ձեռք բերել հայ ձյուդոյիստները:

-Տարին հաջողված կարող ենք համարել այն առումով, որ 2015 թվականը սկսել ենք վարկանիշայի աղյուսակում չունենալով ոչ մի մարզիկ, իսկ այս պահի դրությամբ Հովհաննես Դավթյանն արդեն 14-րդն է` գործնականում ապահովել է իր ուղեգիրը: Այժմ իրենց վարկանիշների համար են պայքարում Ժաննա Ստանկևիչը և Ֆերդինանտ Կարապետյանը: Ստանկևիչը 28-րդ հորիզոնականում է, իսկ ուղեգիր նվաճելու համար նա պետք է զբաղեցնի առնվազն 14-րդ հորիզոնականը: Մեր մյուս հույսը Ռուսաստանից հրավիրված Ֆերդինանտ Կարապետյանն է, ով մասնակցել է վարկանիշային երեք մրցաշարի և արդեն զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը: 

-Ուղեգիր նվաճելու դեպքում Ժաննա Ստանկևիչը կլինի առաջին կինը, ով կներկայացնի Հայաստանը այս մարզաձևում, ի՞նչ սպասելիքներ ունեք նրանից արդեն Ռիոյում:

-Եթե իրատեսորեն նայենք այդ հարցին, ապա Ժաննայի մասնակցությունը Օլիմպիական խաղերին արդեն իսկ հաջողություն է:

-Ֆերդինանտ Կարապետյանը հավաքական է հրավիրվել Ռուսաստանից: Արդյոք կա՞ր դրսից մարզիկ հրավիրելու անհրաժշտությունը:

-Նրան Հայաստանի հավաքական հրավիրելը` մրցակցություն ապահովելու համար էր: Ֆերդինանտի հիմնական մրցակիցը, այդ քաշային կարգում պետք է լիներ Արսեն Ղազարյանը, ով փոխեց քաշային կարգը: Հայաստանի առաջնությունում նա ներկայացավ 73 կգ քաշային կարգում և դարձավ Հայաստանի չեմպիոն: Շատ հեռանկարային և լավ մարզիկ է: Ինչ վերաբերում է Ֆերդինանտին, եթե նրան հաջողվի ուղեգիր ձեռք բերել, ապա Ռիոյում նա կպայքարի մեդալների համար, քանի որ նրա պատրաստվածությունը դա թույլ է տալիս:

 -Այս օրերին հայ ձյուդոյիստներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: Ի՞նչ նպատակ և ուղղվածություն ունի այդ հավաքը:

-Այն կազմակերպված է Հովհաննես Դավթյանի համար: Հավաքին մասնակցում են 60 կգ և 66 կգ քաշային կարգի 9 մարզիկ: Խնդիրը մեկն է` նրա ֆունկցիոնալ և ֆիզիկական պատրաստվածությունը հասցնել առավելագույնի: Հունվարի 6-ից Հովհաննեսը մեկնելու է օլիմպիական հավաքների, իսկ այնտեղ հիմնականում գոտեմարտեր են լինելու:

-Ինչո՞վ է պայմանավորված Արմեն ՆազարյանիՀայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու որոշումը:

-Տիգրան Բաբայանը, ով նախկինում գլխավորում էր հավաքականը, երկար տարիներ զբաղեցնում էր այդ պաշտոնը: Գալիս է ժամանակ, երբ պետք են այսպիսի փոփոխությունները: Ինչու ընտրեցինք Արմեն Նազարյանին, որովհետև մեր ֆեդեացիայի նախագահը գտնում է, որ այն մարզիկները, ովքեր տարիներ շարունակ բարձր են պահել Հայաստանի պատիվը, չպետք է մարզական կարիերան ավարտելուց հետո հեռանան սպորտից, ընդհակառակը` պետք է նրանց գիտելիքներն ու փորձը փոխանցեն երիտասարդ սերնդին: Արմեն Նազարյանի առջև դրված է խնդիր` 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար է ստեղծել ուժեղ և մրցունակ հավաքական:

-Ինչի՞ց եք սկսելու 2016 թվականը:

-Սկսելու ենք Ավստրիայում հունվարին կայանալիք ուսումնամարզական հավաքով, որին կմասնակցեն Հովհաննես Դավթյանը, Ժաննա Ստանկևիչը և Ֆերդինանտ Կարապետյանը: Այնուհետև նրանք կմասնակցեն Կուբայում կայանալիք Գրան Պրիին: 2016 թվականի մեր առաջնային խնդիրը Հովհաննես Դավթյանի վարկանիշային միավորները բարձրացնելն է, որպեսզի նա տեղ զբաղեցնի լավագույն 8-ի մեջ, քանի որ Օլիմպիական խաղերի վիճակահանության ժամանակ այդ լավագույն մարզիկները բաժանվելու են տարբեր խմբերի: Մյուս խնդիրը Ժաննա Սստանկևիչի և Ֆերդինանտ Կարապետյանի ուղեգրերն են: 2016 թվականին հայ ձյուդոյիստները կմասնակցեն վարկանիշային 5 մրցաշարի:

Լուսանկարը` Facebook-ի

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

 

Այլ նորություններ