Նոյեմբերի 16-17-ը նախկին «Միկա» մարզադահլիճում անցկացվեց ձյուդոյի Հայաստանի առաջնությունը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանեց առաջնությունը։
«Նախորդ տարվա համեմատ` մասնակիցների քանակն ինչ-որ չափով ավելացել է, ինչը շատ ոգևորող է:
Մասնակիցները մեծամասամբ երիտասարդ և խոստումնալից մարզիկներ են, ովքեր աշխատանքի շնորհիվ կարող են հաջողությունների հասնել: Առաջնությունից հետո կձևավորենք հավաքական թիմ, որը կպատրաստվի Օլիմպիական խաղերի հաջորդ շրջափուլին (նկատի ունի Փարիզ-2024-ը):
Առաջնության մասնակիցները պոտենցիալ ունեցող մարզիկներ են, ժամանակի ընթացքում կկատարենք շտկումներ և կկարողանանք ցանկալի արդյունքների հասնել:
Ինչ վերաբերում է Ֆերդինանդ Կարապետյանին` նա չի մասնակցել առաջնությանը, քանի որ նախաօլիմպիական տարում չենք ցանկանում նրա վրա մեծ ծանրաբեռնվածություն դնել: Որոշեցինք նրան ազատել Հայաստանի առաջնությունից, որպեսզի հանգստանա և պատրաստվի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարերի»․-եզրափակեց խոսքը Հովհաննես Դավթյանը: