Երևանում հոկտեմբերի 1-ին մեկնարկում է բասկետբոլի Եվրասիական լիգան, որին կմասնակցեն 6 թիմեր:
Եվրասիական լիգայի նախագահ Կարեն Գիլոյանը, տնօրեն Արա Պողոսյանը, «Արագած» ակումբի սեփականատեր Դավիթ Ջոնթոյանը և ռուսական «Արսենալ Տոիլա» ակումբի գլխավոր մարզիչ Վիկտոր Ուսկովը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեցին լիգան և պատասխանեցին լրագրողների հարցերին:
Կարեն Գիլոյան. «Այս տարվա փետրվարի 22-26-ը Երևանում կայացավ ԵԱՏՄ գավաթը, որը պատասխան տվեց այն հարցին՝ կարող ենք ունենալ միջազգային լիգա, թե՝ ոչ: Արա Պողոսյանի հետ սկսեցինք նախապատրաստական աշխատանքները, որպեսզի հիմնադրեք Եվրասիական լիգան: Արա Պողոսյանը զբաղվում է միջազգային ֆեդերացիայի և թիմերի հետ բանակցություններով, իսկ ես՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կապով: Բոլորը համաձայնեցին համագործակցել: Լիգայի հիմքը ԵԱՏՄ գավաթին մասնակցած թիմերն են: Միջազգային ֆեդերացիան խորհուրդ տվեց սկսել 6 թիմով, քանի որ այդպես ավելի հարմար է: Հետագայում հույս ունենք, որ լիգայում կընդգրկվեն մինչև 16 թիմեր, բայց դա արդեն մի քանի տարուց: Կանոնավոր առաջնությունը ենթադրում է հանդիպումներ տանը և դրսում, իսկ դրանից հետո լավագույն քառյակը կանցկացնի «Չորսի եզրափակիչ»: Այս լիգան միջին բյուջեով թիմերի համար լավ լիգա է: Մրցավարական կազմը հրավիրելու ենք, որպեսզի անհարկի շահարկումներ չլինեն: Մեր նպատակն է բարձրակարգ և մրցակցային լիգա ստեղծելը: Ի տարբերություն լիգայի մյուս թիմերի, որոնք ունեն պետական աջակցություն, մեր թիմերը միայն հովանավորներ ունեն: Դրա համար ես դիմել եմ կառավրություն՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի «Ուրարտուն» և «Արագածը» որոշակի պետական աջակցություն ունենան»:
Դավիթ Ջոնթոյան. «Մեր թիմը այս տարի նոր կազմ է հավաքել՝ նախորդ տարվա համեմատ: Քիչ ժամանակում ենք պատրաստավել, պետք է փորձենք լավ արդյունք ցույց տալ, քանի որ Հայաստանի անունն ենք ներկայացնում: Հուսամ՝ վաղը լավ կխաղանք»:
Արա Պողոսյան. «Այս տարի կանոնադրությունում կետ ենք ավելացրել, որ դաշտում պետք է անպայման հայ խաղացող լինի: Ալբերտ Թադևոսյանը Եվրասիական լիգայում խաղալու է «Ուրարտուի» կազմում: «Ուրարտուն» և «Արագածը» 2 ընկերական հանդիպում են անցկացրել: Պայքարը թեժ էր, և դա նշանակում է, որ յուրաքանաչյուրը ուզում է լավ թիմ ստեղծել և արդյունքի հասնել»:
Վիկտոր Ուսկով. «Երևան ենք եկել հաղթանակների սպասումով: Գիտենք, որ թիմերը շատ լավն են, և մարտական ենք տրամադրված: Բարդ կլինի հայ երկրպագուներով լցված դալիճում խաղալը, բայց մենք նախապատրաստվել ենք և ցույց կտանք այն, ինչի պատրաստ ենք: Թիմի համար այս լիգան մեծ իրադարձությունն է»:
Հիշեցնենք, որ Եվրասիական լիգան հոկտեմբերի 1-ին կմեկնարկի «Ուրարտու» - «Բարսի Ատիրաու» խաղով, իսկ բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին: Խաղերը ցուցադրվելու են «Կենտրոն» հեռուստաընկերությամբ: