Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն «Օլիմպավանում» հանդիպեց հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերին պատրաստվող հայ մարզիկներին և մարզչական անձնակազմին:
Նախ հակիրճ ներկայացվեց, թե ինչ նախապատրաստական աշխատանքներ է կատարել ՀԱՕԿ-ը Եվրոպական խաղերի մասնակցության համար և քանի մարզիկ կներկայացնի Հայաստանն այդ ստուգատեսին:
Այնուհետև ներկաներին ողջունեց ՀԱՕԿ նախագահը.
«Հարգելի մարզիկներ և մարզիչներ, ողջունում եմ Ձեզ: Սա Եվրոպական երկրորդ խաղերն են, առաջինը՝ հիշում եք Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում էր, և ՀԱՕԿ-ը, ստանալով պատշաճ երաշխիքներ ՄՕԿ-ի և անմիջապես ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի կողմից, մասնակցեց այդ խաղերին՝ բարձր պահելով Հայաստանի մարզական պատիվը: Դա պետք է գրանցվի պատմության մեջ, քանի որ մեր մարզիկները կարողացան և՛ մեր դրոշը բարձրացնել, և՛ մեդալով վերադառնալ: Իսկ այս խաղերը մեր բարեկամ Բելառուսում են և պետք է ամեն ինչ անենք, որ մեդալներով վերադառնանք: Այսօր մենք ունենք ունակ և կարող մարզիկներ, ովքեր կարող են լավ արդյունք ցույց տալ»,-նշեց ՀԱՕԿ նախագահը:
Գագիկ Ծառուկյանի խոսքից հետո հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը շնորհակալություն հայտնեց, որ ՀԱՕԿ-ը հոգացել է նոր մարզագույք գնելու ծախսերը, իսկ հեծանվասպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը նշեց, որ շնորհակալ են թե՛ վիտամինների, թե՛ անհրաժեշտ սպորտային պարագաներ ձեռք բերելու համար:
Հիշեցնենք, որ ՀԱՕԿ-ի աջակցությամբ այս օրերին «Օլիմպավանում» հավաք են անցկացնում ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի, սամբոյի, ձյուդոյի և բռնցքամարտի հավաքականները, իսկ սպորտային մարմնամարզության հավաքականը Եվրոպական խաղերին պատրաստվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: