Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Տամաշ Այանն ազգային ֆեդերացիաներին կոչ է արել շարունակել արգելված խթանիչների դեմ պայքարը:
Նրա խոսքով՝ դոպինգի հետ կապված խնդիրների պատճառով ծանրամարտը նույնիսկ կարող է դուրս մնալ Օլիմպիական խաղերի ծրագրից: ««Մաքուր» ծանրամարտ ունենալու համար պայքարը նոր է սկսվել:
ՄՕԿ-ի՝ ծանրամարտը Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրում թողնելու որոշումը չի նշանակում, որ պետք է թուլացնել զգոնությունը:
Պետք է շարունակել աշխատանքը տարբեր երկրներում հակադոպինգային մշակույթի փոփոխության ուղղությամբ»,- ասել է Տամաշ Այանը:
Հիշեցնենք, որ վերջերս ծանրամարտը պաշտոնապես ընդգրկվել էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում 2024թ. անցկացվելիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում:
2017-ի հունիսին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտնել էր, որ եթե դոպինգ սկանդալները շարունակական բնույթ կրեն ծանրամարտում, ապա այդ մարզաձեւը կարող է հեռացվել Փարիզ-2024-ի ծրագրից: