Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Ռիո-2016 Օլիմպիական խաղերից հետո առաջին գոտեմարտն անցկացրեց հունահռոմեկան ըմբշամարտի կանոններով եւ հասավ հաղթանակի:
Կրասնոդարում անցկացվող ըմբշամարտի «Չեմպիոնների գավաթ» մրցաշարում Հարությունյանը 67 կգ քաշային կարգում մրցեց բելառուս Յարոսլավ Կարդաշի հետ եւ հաղթեց ժամանակից շուտ՝ 10։0:
Ազատ ոճի ըմբշամարտի 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 70 կգ քաշային կարգում 8։4 հաշվով ուժեղ գտնվեց Հունգարիայի ներկայացուցիչ Ռոման Աշարինից։
Մրցաշարի կազմակերպիչն է հունահռոմեկան ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանը:
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը Ռիո-2016 Օլիմպիական խաղերից հետո հանդես է գալիս MMA-ում (խառը մենամարտեր) եւ անցկացրել է 2 հաղթական մենամարտ: