Մայիսի 20-ին տեղի կունենա Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) միջեւ բանակցությունների վերջին փուլը բռնցքամարտը Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում պահպանելու վերաբերյալ:
Վերջնական որոշումը, ինչպես նաեւ Տոկիո-2020-ում բռնցքամարտի մրցաշարն անցկացնող կազմակերպությունը հայտնի կդառնան մայիսի 22-ին Լոզանում կայանալիք ՄՕԿ-ի Գործկոմի խորհրդի նիստում:
Առանցքային նշանակություն կտրվի ՄՕԿ-ի կողմից AIBA-ում անցկացված աուդիտի վերաբերյալ զեկույցին: Հենց AIBA-ի ֆինանսական ու կառավարման խնդիրներն են ամենաշատն անհանգստացնում ՄՕԿ-ին: Վատագույն սցենարի դեպքում AIBA-ն կզրկվի ՄՕԿ-ի կողմից ճանաչված լինելուց:
«Ցանկանում ենք բռնցքամարտը պահպանել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ծրագրում: Հարց է, թե արդյոք AIBA-ն է անցկացնելու բռնցքամարտի մրցաշարը, թե ստիպված ենք լինելու փնտրել այլ կազմակերպություն: Ամեն դեպքում, մարզական միջոցառման կազմակերպումը հրթիռաշինություն չէ, եւ մենք գլուխ կհանենք»,- ասել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը: