Կրասնոդարում մայիսի 17-ին տեղի կունենա «Չեմպիոններ գավաթ» ըմբշամարտի մրցաշարը, որը կազմակերպել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Մարյանյանը: Մրցաշարին մասնակցելու են բազամաթիվ հայտնի ըմբիշներ, այդ թվում՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա պատմեց մրցաշարին մասնակցելու դրդապատճառների և առաջիկա ծրագրերի մասին:
-Սոցցանցերում ակտիվ քննարկվում է վերադարձդ: Կարո՞ղ ենք ասել, որ վերադառնում ես պրոֆեսիոնալ ըմբշամարտ:
-Միանշանակ, ես վերադառնում եմ և ցանկանում եմ բոլորին ցույց տալ, որ իմ քաշային կարգում առաջին համարն եմ: Ոչ թե խոսակցություններով, այլ՝ գորգում: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ցույց տալ, որ ինձնից լավն է գորգում, ապա տեղ ու ժամ ասեք՝ ես այնտեղ կլինեմ:
-Ինչու՞ որոշեցիր մասնակցել այս մրցաշարին:
-Ինչ-որ բանից պետք էր սկսել: Առաջարկը եղավ իմ ընկեր Ստեփան Մարյանյանից և ընդունեցի:
-100 տոկոսով հե՞տ ես եկել ըմբշամարտ, թե՞ համատեղելու ես MMA-ի հետ:
-Այս պահին գորգում եմ, բայց կհամատեղեմ, քանի որ մեծ ցանկություն և հավանականություն կա, որ հուլիսի 6-ին Երևանում հանդես կգամ հայ երկրպագուների համար MMA-ի շրջանակում:
- Ռիո-2016-ից հետո բաց ես թողել Հայաստանի բոլոր առաջնությունները և կորցրել տեղդ թիմի կազմում:
-Տեղը հավաքականի կազմում ինձ ոչ մեկ նվեր չի տվել կամ ամրագրել, ես այն նվաճել եմ իմ մրցելույթներով: Այս անգամ էլ ոչ մի նվեր չեմ սպասում: Կապացուցեմ, որ լավագույնն եմ և այդ տեղն իմն է: Եթե, իհարկե, ոչ ոք մութ խաղեր չխաղա:
-Հնարավոր է նոյեմբերին անցկացվի Հայաստանի առաջնություն: Կմասնակցե՞ս, և եթե այո, ապա որ քաշային կարգում:
-Ամեն ինչ կախված է նրանից՝ ինչ կտա ինձ Հայաստանի առաջնությունը, եթե դա կլինի Օլիմպիական խաղերի համար, կմասնակցեմ: Վաղուց նպատակ չունեմ դառնալ Հայաստանի չեմպիոն: Մտածում եմ, որ Հայաստանում վաղուց բոլորին ապացուցել եմ ամեն ինչ, բայց եթե դա Օլիմպիական խաղերի համար անհրաժեշտ կլինի, ապա այնտեղ կլինեմ: Հանդես եմ գալու 67 կգ քաշային կարգում, ոչինչ չի փոխվել:
-Ըմբշամարտին վերաբերող ի՞նչ ծրագրեր ունես:
-Հետ բերել այն, ինչ գողացել էին Ռիո-2016-ի ժամանակ, նպատակս Տոկիո-2020-ն է: