Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում մայիսի 3-4-ը կայացած գեղասահքի Հայաստանի բաց առաջնության պատվավոր հյուրն էր գեղասահքի աշխարհահռչակ մարզիչ Ռաֆայել Հարությունյանը: Հայ մասնագետը տարբեր տարիների աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Միշել Կվանը, Մաո Ասադան, Ջեֆրի Բաթլը, Էշլի Վագները: 1 ամիս առաջ Հարությունյանի սան, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նեյթան Չենը Սայթամայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճեց աշխարհի ռեկորդով:
Ռաֆայել Հարությունյանը խոսեց իր սաների ու աշխատելաոճի մասին՝ պատասխանելով ՀԱՕԿ լրատվականի թղթակցի հարցերին:
Գեղասահքի աշխարհում դուք ճգնաժամային մենեջերի համբավ ունեք: Եթե հենց այդ աչքերով նայենք հայկական գեղասահքին, ինչ քայլերի ու լուծումների կարիք եք տեսնում:
Առհասարակ, ցանկացած խնդիր լուծելու համար անհրաժեշտ է հրավիրել լավագույն մասնագետների: Դա վերաբերում է ցանկացած ոլորտի՝ սկսած ճգնաժամային մենեջերից եւ վերջացրած սառույցի մասնագետներով: Այդ դեպքում միայն ճգնաժամից կարելի է արագ ու արդյունավետ դուրս գալ: Իսկ դրա համար ֆինանսավորում է պետք, պետության աջակցությունն ու վերջապես՝ ժողովրդի աջակցությունը:
Ապրիլին Կալիֆորնիայում պետք է բացվեր ձեր սահադաշտը...
Այն արդեն բացվել է: Ես նշանակվել եմ գլխավոր մարզիչ: Արդեն 2 ամիս է՝ աշխատում ենք: Ունեմ ակադեմիա բացելու հույս: Ակնկալում եմ մարզիչներին այնտեղ հրավիրել իրենց մարզիկների հետ միասին, վարպետության դասեր տալ: Սահադաշտի հետ կապված մեծ ծրագրեր ունեմ:
Ժամանակին շատ էր խոսվում գեղասահքի խորհրդային, ապա՝ ռուսական ու ամերիկյան դպրոցների տարբերությունների մասին: Արդյոք գլոբալիզացված աշխարհում այդ թեման այժմ արդիական է, ու ձեր աշակերտներն ԱՄՆ-ում, ամեն դեպքում, ո՞ր դպրոցի ներկայացուցիչ կարող են համարվել:
Կարծում եմ, որ այժմ այդ ամենն առհասարակ ակտուալ չէ: Ամեն ինչ վաղուց խառնվել է իրար, ռուսները վաղուց աշխատում են ԱՄՆ-ում, ամերիկյան սահադաշտերում ու իրենց ազգային առաջնություններում ավելի ու ավելի շատ է հնչում ռուսերեն խոսքը: Նույն ամերիկացիներն էլ աշխատում են որտեղ ասես: Այնպես որ, այսօր սխալ կլինի խոսել ազգային դպրոցների ու ոճերի մասին: Կարող ենք խոսել այն մարդու ոճի մասին, ով մարզիկներ ունի ու արդյունքներ է տալիս: Իսկ թե դա ռուսական է, ֆրանսիական կամ այլ՝ էական չէ:
Ձեր սան, աշխարհի չեմպիոն Նեյթան Չենը 2018/19թթ. մրցաշրջանն անցկացրեց ձեզանից 3000 մղոն հեռավորության վրա՝ Skype-ով ձեր վերահսկողության ներքո: Մարզման այդ տարբերակն արդյո՞ք արդյունավետ կլինի Պեկին-2022-ին նախապատրաստվելիս:
Չենը սովորում է Յելի համալսարանում, այդ պատճառով մեր աշխատանքը ստիպված եղանք կազմակերպել հենց Skype-ի միջոցով: Ամեն դեպքում, այս տարի մենք կփորձենք ամեն ինչ վերածրագրել այնպես, որ Օլիմպիական խաղերին լիարժեք նախապատրաստվենք: Հրաշալի կլինի, եթե նա կարողանա ակադեմիական արձակուրդ վերցնել հունվարին: Դա կլինի իդեալական տարբերակ: Եթե ոչ՝ գոնե առաջիկա մրցաշրջանի վերջում:
Իսկ նախապատրաստման այս տարբերակն իրեն արդարացրե՞ց:
Այս տարբերակը շատ ծանր ու անհարմար է, բայց այն է՝ ինչ կա: Ինչ վերաբերում է արդարացնել-չարդարացնելուն, ապա մի բան հստակ է՝ եթե մարդը սովորելուն զուգահեռ մարզվում է եւ դառնում աշխարհի չեմպիոն, ուրեմն արդարացվել է: Դա այսպես կոչված հաջողություն է:
Որքան տեղյակ եմ, մարզիկների հետ պայմանագրերը ձեզ մոտ նախատեսված են նվազագույնը 2 տարով, քանի որ դա համարում եք այն օպտիմալ ժամանակահատվածը, որում գեղասահորդը կկարողանա բացահայտվել: Ինչո՞վ է պայմանավորված այդ 2 տարին:
Մարզիկի հետ նոր-նոր աշխատելիս պիտի «փոխես» ոչ այնքան մարմինը, որքան՝ գլուխը: Կան որոշակի սովորություններ, որոնք պետք է փոխել: Այդ ամենի համար էլ պահանջվում է հենց 2 տարի: «Փոխվում» է գլուխը, նաեւ մարմինը: Ու 2 տարի հետո մարզիկը սկսում է անել այն, ինչ քեզ է պետք, այն, ինչ դու ես ցանկանում ստանալ:
Այդ դեպքում նույն Եվգենիա Մեդվեդեւայի պարագայում Օրսերի հետ աշխատանքի միայն երկրորդ տարում կարո՞ղ ենք իրական արդյունքն ակնկալել:
Ես կարծում եմ, որ այս մրցաշրջանում էլ Մեդվեդեւան հաջող ելույթներ է ունեցել, եւ նրանից պետք է ակնկալել՝ լինել այն նույն աստղը, ինչպիսին նա կա: Հարցն այն չէ, թե ինչ սպասել նրանից: Աստղն այն մարդն է, ով մշտապես ապացուցում է, որ սպորտի էլիտայում է: Մեդվեդեւան այս տարի ապացուցեց դա: