Ռուբեն Ալեքսանյանը հռչակվեց Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգի (+109 կգ) բրոնզե մեդալակիր:
Երկամարտում Ռուբեն Ալեքսանյանը գրանցեց 440 կգ (195+245) արդյունք: Պոկում վարժությունից հետո հայ ծանրորդը 5-րդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը երկամարտի 422 կգ (200+222) արդյունքով գրավեց 5-րդ տեղը: Պոկում վարժությունում գյումրեցի ծանրորդն առաջին փորձից բարձրացրեց 200 կգ եւ նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հաջորդ 2 մոտեցումներով չկարողացավ բարձրացնել 205 կգ-ն: Երկրորդ մոտեցման ընթացքում Մինասյանի ոտքի վնասվածքը կրկնվեց, ինչը զգալ տվեց երրորդ փորձի ժամանակ: Հրում վարժությունում Գոռն առաջին մոտեցումով բարձրացրեց 222 կգ, այնուհետեւ չկարողացավ ֆիքսել 234 կգ-ն, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվեց վնասվածքի պատճառով:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն Լաշա Տալախաձեն, որի երկամարտի արդյունքն էր 478 կգ (218+260): Վրացի ծանրորդն աշխարհի ու Եվրոպայի ռեկորդ սահմանեց պոկում, հրում վարժություններում ու երկամարտում: Այս քաշային կարգի մրցումը միակն էր, որի ժամանակ տրիբունաները լեփ-լեցուն էին: Գերծանր քաշային կարգի մրցմանը մարզապալատից հետեւում էր նաեւ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը ելույթն ավարտեց երկամարտի 5 մեդալով: Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) եւ Հակոբ Մկրտչյանը (89 կգ) նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Սամվել Գասպարյանը (102 կգ) դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ) եւ Ռուբեն Ալեքսանյանն (+109 կգ) արժանացան բրոնզե մեդալի:
Հայաստանի հավաքականը Բաթումի էր մեկնել 14 ծանրորդով, որոնցից 10-ը հանդես եկան տղամարդկանց պայքարում, 4-ը՝ կանանց: