Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո պատմեց տպավորությունների մասին:
Աշխարհի գործող չեմպիոնը երկամարտում գրանցել էր 427 (192+235) կգ արդյունք եւ 16 կգ գերազանցել երկրորդ տեղը գրաված բելառուս Անդրեյ Արամնաուին:
«Եվրոպայի առաջնությունից առաջ դաստակիս վնասվածքը խանգարում էր, սակայն մրցման ժամանակ ամեն բան լավ անցավ, եւ այդ ցավը զգալ չտվեց: Գուցե ադրենալինն ու նպատակասլացությունը թույլ չտվեցին զգալ ցավը: Ավելի բարձր քաշերը թողել ենք աշխարհի առաջնության համար: Պետք է շատ մարզվել:
Աշխարհի առաջնությունում հաղթանակից հետո պետք չէ թերագնահատել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, քանի որ ամեն ինչն էլ ունի իր տեղը: Զգացողություններն անկրկնելի են: Պետք է շարունակեմ աշխատել:
Մրցակցության մասին կասեմ, որ հաղթանակը հեշտ տրվեց ինձ: Ինքներդ տեսաք, որ կարող էի նույնիսկ չգալ հրում վարժության երկրորդ մոտեցմանը: Կատարեցի երկրորդ մոտեցումը, որպեսզի ապացուցեմ մրցակիցներիս, որ կարող եմ գերազանցել նրանց ցանկացած արդյունք եւ թույլ չտվեցի մտածել, որ կարող են հաղթել ինձ: Միանշանակ, այս հաղթանակն ամբողջ հայ ժողովրդինն է, այն մարդկանցը, ովքեր ունեն ներդրում՝ ծնողներս, մարզիչներս եւ պարոն Գագիկ Ծառուկյանը:
Շնորհավորում եմ բոլոր երկրպագուներին եւ կասեմ, որ սպասեն նորանոր հաղթանակների: Մարզադահլիճում երկրպագուական աջակցությունը շատ է ոգեւորում»,- նշեց Սիմոն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանը փոքր ոսկե մեդալներ էր նվաճել նաեւ պոկում ու հրում վարժություններում: Նախորդ տարվա նոյեմբերին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոնի կոչումը նվաճել էր երկամարտի 435 (195+ 240) կգ արդյունքով եւ սահմանել աշխարհի ռեկորդ: Եվրոպայի առաջնությունում սա Հայաստանի չորրորդ մեդալն էր երկամարտում:
Ապրիլի 13-ին Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը (102 կգ) դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն: Ավելի վաղ 89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: Եվրոպայի առաջնության վերջին օրը պայքարի մեջ կմտնեն նաեւ Արփինե Դալալյանը (+87 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):