Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգի չեմպիոնի կոչումը:
Աշխարհի գործող չեմպիոնը երկամարտում ցուցադրեց 427 (192+235) կգ արդյունք:
Սիմոն Մարտիրոսյանը փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաեւ պոկում ու հրում վարժություններում:
Պոկում վարժությունում նա հաջող կատարեց առաջին եւ երկրորդ մոտեցումները, իսկ 197 կգ-ն բարձրացնել ու Եվրոպայի ռեկորդ սահմանել չհաջողվեց:
Հրում վարժությունում հայ ծանրորդը հաջող կատարեց 2 մոտեցում, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվեց:
Ավստրիան ներկայացնող Սարգիս Մարտիրոսյանը երկամարտի 387 (181+206) կգ արդյունքով գրավեց 8-րդ տեղը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոնի կոչումը նվաճել էր երկամարտի 435 (195+ 240) կգ արդյունքով եւ սահմանել աշխարհի ռեկորդ:
Եվրոպայի առաջնությունում սա Հայաստանի չորրորդ մեդալն էր երկամարտում:
Ապրիլի 13-ին Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը (102 կգ) դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն: Ավելի վաղ 89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:
Եվրոպայի առաջնության վերջին օրը պայքարի մեջ կմտնեն նաեւ Արփինե Դալալյանը (+87 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):