Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձած Դավիթ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով:
«Շատ բարդ էր, բայց արդեն գիտեի, որ կարող եմ պայքարել մեդալի համար եւ ամեն բան արեցի այդ հնարավորությունն օգտագործելու համար: Չեմ կարող նշել, թե կոնկրետ որ պահին հասկացա, որ կարող եմ պայքարել մեդալի համար: Շատ ուրախ եմ, առաջին անգամ էի մասնակցում եւ մեդալ նվաճեցի:
Հաջող ելույթիս, իհարկե, հավատում էի: Այս պահին չեմ մտածում քաշային կարգս բարձրացնելու մասին, քանի որ նոր եմ տեղափոխվել այս քաշային կարգ: Դա շատ բարդ է, սական պետք է անպայման բարձրացնեմ քաշս, քանի որ այս քաշային կարգն օլիմպիական չէ»,- նշեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը:
Հիշեցնենք, որ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցել էր 360 կգ (165+195) արդյունք: Պոկում վարժությունում 22-ամյա Հովհաննիսյանը 165 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Նա հաջող կատարեց բոլոր՝ 6 մոտեցումները:
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն էր դարձել Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը, որը երկամարտում գրանցել էր 371 կգ (164+207) արդյունք եւ սահմանել նաեւ Եվրոպայի ռեկորդ: Եվրոպայի փոխչեմպիոն դարձած վրացի Ռեւազ Դավիթաձեի երկամարտի արդյունքն էր 370 կգ (170+200):