Սերժ Սարգսյանը Բեռլինում ներկա է գտնվել հավակնորդների մրցաշարի բացմանը

19:20 - 10 Մար, 2018

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ին Բեռլինում ներկա է գտնվել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սարգսյանն արարողությանը մասնակցել է պատվավոր հյուրի կարգավիճակով` որպես գնահատական այն ներդրման, որ Հայաստանն ունեցել է շախմատի զարգացման եւ հանրայնացման գործում:

Մրցաշարի բացման կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Դիմելով մրցաշարի մասնակից շախմատիստներին՝ Սերժ Սարգսյանն ասել է.

«Այս մրցաշարն իր բնույթով յուրօրինակ է: Հավակնորդի կոչման համար պայքարում են լավագույններից լավագույնները: Այստեղ առաջին եւ երկրորդ տեղերի տարբերությունը հսկայական է, քանի որ հաղթողը կշարունակի պայքարը շախմատային թագի համար: Սակայն, մրցաշարում մասնակցությունն արդեն իսկ մեծ պատիվ է յուրաքանչյուր շախմատիստի համար եւ խոսում է շախմատային մեծ վարպետության մասին: Շատերի համար երազանք եւ կյանքի նպատակ է այս ութ ընտրյալների շարքում հայտնվելը: Ձեզնից յուրաքանչյուրն այս տեղը վաստակել է երկարատեւ եւ համառ պայքարի արդյունքում՝ հաղթահարելով դժվարին ընտրական փուլեր:

Վստահ եմ, որ այս առաջնությունը լինելու է լարված, բայց նաեւ հետաքրքիր, եւ մենք ականատես ենք լինելու բազմաթիվ գեղեցիկ եւ բովանդակալից պարտիաների:

Գտնվելով աշխարհահռչակ շախմատիստ, աշխարհի երկրորդ չեմպիոն Էմանուել Լասկերի հայրենիքում, որին շախմատային գահը պատկանել է 27 տարի անընդմեջ՝ ցանկանում եմ խոսքս ավարտել նրա խորհուրդով. «Եթե տեսնում եք լավ քայլ, փնտրեք ավելի լավը»:

Բոլոր հավակնորդներին մաղթում եմ հաջողություն, եւ թող հաղթի ուժեղագույնը»:

 

Լուսանկարը՝ ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքի

Այլ նորություններ