Հայաստանի լողորդները նոր մրցաշրջանն սկսել են հունվարի 8-ից՝ լողավազաններն աշխատելու առաջին օրվանից: Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ հավաքականները մարզվում են օրը երկու անգամ. առավոտյան՝ Գրանտ սպորտի եւ Ռեբոկի լողավազաններում, որոնց ղեկավարության հետ պայմանավորվածություն կա եւ երեկոյան՝ իրենց ակումբներում.
«Մարզական միջոցառումների օրացուցային պլանի առաջին մեկնարկն ապրիլ ամսին է: «ԴԴԴ» մարզահամալիրում ավանդաբար կանցկացվի երեխաների լողի բաց առաջնություն, որին կմասնակցեն հանրապետության պատանի լողորդները բոլոր ակումբներից (2003 թ. ծնված եւ փոքր):
Ապրիլի 26-28-ը Գրանտ սպորտի 50 մ լողավազանում կանցկացվի ՀՀ լողի մեծահասակների առաջնությունը, որի արդյունքներով կթարմացվի հավաքական թիմերի կազմը եւ կընտրվեն այն լավագույն մարզիկները, որոնք մեր երկիրը կներկայացնեն Եվրոպայի պատանիների և մեծահասակների առաջնություններում, Արգենտինայում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերում եւ աշխարհի մեծահասակների առաջնությունում:
Եվրոպայի առաջնությունները վարկանիշային են: Ճիշտ է, արդեն ունենք երկու լողորդ` Արթուր Բարսեղյան եւ Անի Պողոսյան, որոնք անցյալ տարի պատանեկան աշխարհի առաջնությունում ձեռք են բերել Բ վարկանիշ, սակայն մենք դրանով չենք ուզում բավարարվել եւ փորձում ենք Բուենոս Այրեսում ունենալ ավելի ներկայացուցչական կազմ: Պատանի լողորդները մայիսին Վրաստանում հանդես կգան միջազգային մրցաշարում, ուր կմեկնեն «ԴԴԴ»-ի առաջնության հաղթողները:
Մեծահասակների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում հաջող հանդես եկող հավաքական թիմի մարզիկների հետ կտարվի լրացուցիչ աշխատանք՝ նախապատրաստելու Տոկիո 2020-ին:
Լողի հայկական դաշնությունը մարզաձեւի մասսայականացման եւ զարգացման համար սերտ կապի մեջ է հանրապետության բոլոր լողավազանների հետ, որտեղ կան մարզական խմբեր, վերահսկվում են դրանց հետ տարվող աշխատանքները: Զբաղվում ենք նոր լողավազաններ շահագործելու խնդիրներով:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական նախաձեռնությամբ եւ աջակցությամբ, անցած տարի բացվեց Իջեւան քաղաքի լողավազանը, եւ մեկ տարի էլ չանցած Իջեւանն առանձին թիմ ներկայացրեց հանրապետական պատանեկան մրցումներում: Ներկայումս հիմնանորոգման վերջին աշխատանքներն են ընթանում Հրազդան քաղաքի լողավազանում, որը դռները կբացի առաջիկա ամիսներին», - ասաց Հովսեփ Մեսրոպյանը: