Երեւանի 2800-ամյա տոնակատարության շրջանակներում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մայրաքաղաքում կանցկացնի ակումբային ընկերական միջազգային մրցաշար: Այն կկայանա մարտի 10-15-ը նախկին «Միկա» մարզահամալիրում եւ կանցկացվի շրջանաձեւ համակարգով:
Ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի Ա լիգայի առաջությունից մրցաշարին կմասնակցի միայն «Ուրարտուն».
«Այս ընկերական միջազգային մրցաշարը Երեւանի 2800-ամյակին նվիրված մարզական միջոցառումներից միայն մեկն է: Առայժմ նախատեսված է, որ կմասնակցեն չորս թիմեր: Մենք համաձայնության ենք եկել Մոսկվայի «Գազպրոմ Մոսկովսկի», Թբիլիսիի «Հունդայի» եւ Թեհրանի «Արարատ» ակումբների հետ: «Գազպրոմ Մոսկովսկին» եւ «Հունդային» շատ ուժեղ թիմեր են, ունեն բարձր մակարդակի խաղացողներ եւ իրենց առաջնությունների առաջատարներն են: «Արարատը» վերջերս հաղթեց Իրանի երկրորդ լիգան եւ իրավունք ստացավ հանդես գալու Սուպեր լիգայում: Նրանց կազմում բավականին երիտասարդ եւ խոստումնալից հայ բասկետբոլիստներ կան:
Հայաստանի Ա լիգայից կմասնակցի «Ուրարտուն»: Մենք ցանկանում ենք, որ այդ մրցաշարը լինի բարձր որակի, իսկ այսօր Ա լիգայից այդ որակը կարող է ապահովել միայն «Ուրարտուն»:
«Արցախը» նույնպես ցանկանում է մասնակցել, ասացին, որ պետք է ուժեղացնեն կազմը: Մրցաշարի ձեւաչափն այնպիսին է, որ պետք է զույգ թվով թիմեր լինեն, եթե եւս մեկ ակումբի հետ համաձայնության գանք՝ գուցե «Արցախը» եւս մասնակցի»,- ասաց ֆեդերացիայի փոխնախագահը:
Արա Պողոսյանը նշեց, որ ֆեդերացիան ցանկանում է մրցաշարը դարձնել ավանդական եւ անցկացնել ամեն տարի:
«Այս մրցաշարը մեզ կօգնի հասկանալ Ա լիգայի թիմերի մակարդակը, որակը, արդյո՞ք մրցունակ են Հայաստանից դուրս:
«Ուրարտուն» այս կազմով Ա լիգայում հաղթում է բոլոր թիմերին, հարց է, նրանք կկարողանան մրցել արտասահմանյան թիմերի հետ: Իհարկե, «Ուրարտուն» նույնպես կհամալրվի նոր խաղացողներով: Բայց, պարտությունը ողբերգական չէ, սա ընկերական մրցաշար է: Հույս ունենք, որ մեր մարզասերները կաջակցեն մեզ»,- ասաց Արա Պողոսյանը:
Պողոսյանը հայտնեց, որ մրցաշարը դատելու են հայ մրցավարները: Նրանց հետ աշխատանքներ են տարվում, անցկացվում սեմինարներ՝ որակները բարձրացնելու համար: