Ձյուդոյի՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարերի շարքին դասվող «African Open» ներկայացուցչական մրցաշարում հաջող է հանդես եկել Հայաստանը ներկայացնող Ժաննա Ստանկևիչը: Վերջինս 3 հաղթանակ տոնելով իպոնով՝ դարձավ 52 կգ քաշային կարգի հաղթող:
«Օլիմպիական խաղերին մասնակցելու մեր հիմնական հույսը Հովհաննես Դավթյանն է: Այս պահի դրությամբ, նա արդեն ունի համապատասխան միավորներ և վարկանիշային աղյուսակում է: Հույսեր ենք կապում նաև Ժաննա Ստանկևիչի, ինչպես նաև 66 կգ քաշային կարգը ներկայացնող Ֆերդինանտ Կարապետյանի հետ, ով Գրան Պրիի ժամանակ զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Հաջորդ շաբաթ Կարապետյանը կմասնակցի չինական Գրան Պրիին: Մենք Օլիմպիական 3 ուղեգրի հույս ունենք»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը:
Ժաննա Ստանկևիչը տպավորիչ հաղթանակներ տարավ քառորդ եզրափակչում արգենտինուհի Աբի Բեցաբ Մադաֆ Կարդոսոյի , կիսաեզրափակչում՝ կանադուհի Եկատերինա Գուիչայի, իսկ եզրափակչում՝ Բելգիայի ներկայացուցիչ Իլսե Հեյլենի նկատմամբ: Ոսկե մեդալից բացի նա արժանացավ վարկանիշային 100 միավորի, որը նրան թույլ կտա վարկանիշային աղյուսակում առաջադիմել 6 աստիճանով և բարձրանալ 33-րդ հորիզոնական:
Լուսանկարը` Դավիթ Խիթարյանի ֆեյսբուքյան էջից: