Հակոբ Սերոբյանն ամփոփում է մարմնամարզության աշխարհի առաջնությունը

15:17 - 05 Նոյ, 2015

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց Գլազգոյում ավարտված աշխարհի առաջնությունը:


«Մարմնամարզության այս աշխարհի առաջնության հիմնական բարդությունը նրանում էր, որ այն վարկանիշային էր Օլիմպիական խաղերի համար: Ես իսկապես շատ գոհ եմ տղաների գրանցած արդյունքից: Հարություն Մերդինյանն իրեն արդարացրեց: Եթե Օլիմպիական խաղերին Հարությունը և իր հետ նույն արդյունք գրացած ճապոնացին կրկին հավաքեն նույն միավորը, ապա առավելությունը կտրվի այն մարզիկին, ով ավելի մաքուր կանի վարժությունը: Աշխարհի առաջնությունում ավելի «մաքուր էր» Մերդինյանի վարժությունը»:

«Մեր աղջիկ մարմնամարզիկը՝ Հուրի Գեբեշյանը, շատ լավ կատարեց իր վարժությունը, թեպետ առաջին պահին ընկավ գերանից: Բայց նրա հնարավորությունները շատ մեծ են Օլիմպիական խաղերին մասնակցելու համար»:


«Եթե չլիներ ՀԱՕԿ աջակցությունն, ապա մենք չէինք կարող մասնակցել այս առաջնությանը և մի շարք այլ կարևորագույն մրցաշարերի: Վստահ եմ`այս արդյունքներից հետո ուշադրությունը մարմնամարզության նկատմամբ մեծանալու է: Ես միշտ տղաներին ասում եմ, եկեք անենք, ապացուցենք, որ կարող են, այդ ժամանակ ուշադությունն էլ ավելի կմեծանա: Պայքարելու ենք Օլիմպիական խաղերի մեդալներների համար: Մերդինյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելուց հետո՝ ես ևս հրավեր ստացա որպես մրցավար` մասնակցելու Ռիոյի խաղերին»:


Աշխարհի առաջնությունում իր ելույթի մասին խոսքեց նաև բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը. «Ես շատ ուրախ եմ, որ կարողացա աշխարհի առաջնությունում երրորդ տեղը զբաղեցնել: Երկար տարիների սպասում և փորձում էինք: Երազանք էր Օլիմպիական խաղերին մասնակցելը: Միանշանակ գիտակցում եմ, թե որքան մեծ պատասխանատվություն է ինձ վրա դրված: Մտադիր եմ մարզչական աշխատանքի անցել, բայց հստակ չեմ կարող ասել` երբ: Իսկ ինչ վերաբերվում է Օլիմպիական խաղերին, ապա պետք է վարժությանս ծրագիրն ավելի բարդեցնենք»:

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ