Թաեքվոնդոյիստները հանդես եկան իրենց հնարավորությունների սահմաններում

16:37 - 12 Դեկ, 2017

Դեկտեմբերի 7-ից 9-ը Սոֆիայում անցկացվեց թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունը օլիմպիական քաշային կարգերում: Գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկան Գարեգին Մախմուրյանը (58 կգ), Սերգեյ Ավանեսովը, Սերգեյ Վարդազարյանը (երկուսն էլ՝ 68 կգ) եւ Արսեն Գրիգորյանը (87 կգ):

Մեր մարզիկները չկարողացան զբաղեցնել մրցանակային տեղեր: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Գեւորգ Դանիելյանը հայտնեց, որ իր սաներից երեքը հաղթել են մեկնարկային մենամարտերում, բայց հետո պարտվել ՌԴ-ն ներկայացնող մրցակիցներին՝ Եվրոպայի ապագա չեմպիոններին:

«Տղաներն իրենց հնարավորությունների սահմաններում հանդես եկան: Մրցաշրջանն ամփոփելով՝ մեր աշխատանքը բավարար կգնահատեմ: Ապրիլին Թեհրանում G1 կարգի ուժեղ մրցաշար էր անցկացվել, որտեղ Արսեն Գրիգորյանը նվաճել էր ոսկե մեդալ, իսկ Սերգեյ Վարդազարյանը՝ բրոնզե: Օգոստոսին Թայվանում (Թայբեյ)՝ Համաշխարհային ունիվերսիադայում, Սերգեյ Վարդազարյանը դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ մեկ ամիս առաջ Բուդապեշտում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Ռոման Հայրապետովը դարձել էր արծաթե մեդալակիր, Անդրանիկ Խաչատրյանը՝ բրոնզե:

Կարելի է ասել, որ հայաստանցի թաեքվոնդոյիստներն այս տարի իրենց հնարավորությունների սահմաններում հանդես եկան»,- եզրափակեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:

 

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ