Այսօր մեկնարկեց Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը։ Շուրջ 75 հրաձիգներ կմրցեն չորս մրցաձեւում՝ օդամղիչ ատրճանակ, օդամղիչ հրացան, վազող թիրախ՝ նորմալ վազք, վազող թիրախ՝ խառը վազք։
Մրցաշարն անցկացվում է վեցերորդ անգամ, ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի նախաձեռնությամբ։ Արթուր Հովհաննիսյանը հրաձիգներին հորդորեց ավելի լուրջ մոտենալ մարզումներին եւ մրցումներին.
«Ցավով եմ նշում, բայց երեք տարի առաջ մենք ավելի ամուր դիրքերում էինք։ Այժմ անկում ենք ապրում։ Չեմ հասկանում՝ ինչն է պատճառը, մարզիչները, թե մարզիկները։ Իմ դժգոհությունները հայտնել եմ մարզիչներին։ Աշխատանք կատարվում է, բայց ինչ-ինչ պատճառներով արդյունքը չի երեւում։ Հարգելի´ մարզիկներ, մի ընկեք ձեզ ցույց տալու հետեւից։ Արեք այն, ինչ գիտեք, ինչի համար մարզվում եք։ Այդ դեպքում կհասնեք արդյունքի»,- ասաց ֆեդերացիայի նախագաը։
Սա ընթացիկ տարվա վերջին մրցաշարն է, որի արդյունքներով կձեւավորվեն տարիքային հավաքականները։ Հայ հրաձիգները հունվարի վերջին կմասնակցեն Մյունխենի միջազգային մրցաշարին։ Հետո կպատրաստվեն Եվրոպայի առաջնությանը.
«Մի քանի մարզիկներ իրենց կատարած աշխատանքով ապահովել են տեղը հավաքականում։ Մյուսները պետք է պայքարեն, լավ արդյունքներ գրանցեն։ Ես հավատում եմ նրանց»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը։
Ֆեդերացիայի գավաթի խաղարկության հաղթողները կստանան պարգեւներ, լինելու է նաեւ ֆեդերացիայի նախագահի հատուկ մրցանակ։ Իսկ գավաթը կստանա մրցաշարի լավագույն հրաձիգը, որին կընտրի մարզչական խորհուրդը։