Դեկտեմբերի 7-ից 9-ը Սոֆիայում կանցկացվի թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունը օլիմպիական քաշային կարգերում: Առաջնությունում Հայաստանը կներկայացնի չորս մարզիկ:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի ղեկավարությամբ Բուլղարիայի մայրաքաղաքում հանդես կգան Գարեգին Մախմուրյանը (58 կգ), Սերգեյ Ավանեսովը, Սերգեյ Վարդազարյանը (երկուսն էլ՝ 68 կգ) եւ Արսեն Գրիգորյանը (87):
Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի դեկտեմբերի 5-ին: Նախատեսվում էր մրցաշարն անցկացնել հոկտեմբերի վերջին Մինսկում, բայց ավելի ուշ Թաեքվոնդոյի եվրոպական ֆեդերացիան (WTE) մրցաշարը Սոֆիա տեղափոխելու որոշում է կայացրել: Կազմակերպության պաշտոնական կայքում որոշումը հիմնավորված է «չնախատեսված հանգամանքներով»:
Սոֆիայում զուգահեռաբար կանցկացվի պարաթաեքվոնդոյի Եվրոպայի բաց առաջնությունը (սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարզիկների միջեւ), որտեղ Հայաստանը մասնակից չունի: