Լուսադեմին Հայաստանի ազգային հավաքականի բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը (64 կգ քաշային կարգ) եւ Կարեն Տոնականյանը (60 կգ) Համբուրգում անցկացված աշխարհի առաջնությունից վերադարձան Երեւան:
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ՀԱՕԿ լրատվականին ասաց.
«Այս անգամ ոսկի նվաճել չհաջողվեց: Բավարարվեցի բրոնզով: Բայց ամեն ինչ կանենք, որպեսզի առաջ գնանք: Կուբացու հետ ավելի շատ մենամարտում էի կամքի ուժով, քանի որ ընթացքում զգում էի, թե որքան հոգնածություն կար մեջս: Չէի հասցրել վերականգնվել: Սա արդարանալու համար չեմ ասում: Եվրոպայի առաջնությունից շատ քիչ ժամանակ էր անցել եւ չէի հասցրել վերականգնվել: Մոնղոլ եւ ղազախ մրցակիցներիս հետ էլ ավելի շատ էներգիա էի ծախսել: Սրանք կապված են միմյանց հետ: Ի վերջո, օրգանիզմի հետ գործ ունենք: Այդ մենամարտում կուբացին իրեն ավելի լավ էր զգում»:
Կարեն Տոնականյանն ավելի քչախոս էր: Նա դժգոհ է իր մասնակցությունից.
«Չստացվեց: Աշխարհի առաջնությունում թույլ բռնցքամարտիկներ չկան, բոլորն էլ գալիս են վարկանիշով՝ ընտրված մարզիկներ են: Թե ինչը եւ ինչու չստացվեց, մարզիչների հետ կվերլուծենք եւ կաշխատենք հետագայում թույլ տրված սխալները չկրկնել», - ասաց նա: