Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը Աբովյանի մարզաբազայում նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը։
«Աշխարհի երիտասարդական առաջնությանը մեկնելու են երեք մարզիկ, մեկ մրցավար և մեկ մարզիչ: 55 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնեն Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ Վահագ Հովսեփյանը և Շահեն Աբաղյանը, իսկ 60 կգ քաշային կարգում 2014 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Արսեն Ղազարյանը: Առաջնությանը մասնակցում ենք փոքր կազմով: Գտնում եմ, որ այս կազմն ամենաարդյունավետն է: Նրանք լավ արդյունքներ են ցույց տվել փորձնական մրցաշարերի ժամանակ: Տղաները լավ մարզավիճակում են: Բոլորից էլ ակնկալիքներ ունենք»,- ՀԱՕԿ լրատվության բաժնի լրագրողի հետ զրույցում նշեց ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Մարտին Սարգսյանը:
Հոկտեմբերի 23-25-ը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կկայանա ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի երիտասարդական հավաքականը՝ ավագ մարզիչ Մարտին Սարգսյանի գլխավորությամբ, մրցավայր կմեկնի հոկտեմբերի 21-ին:
ՀԱՕԿ լատվության բաժին