«Շնորհակալ եմ իմ թիմակից Արթուր Դավթյանին եւ հավաքականի մարզիչ Հակոբ Սերոբյանին: Նրանց շնորհիվ կարողացա հանդես գալ եզրափակչում»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց 29-րդ ամառային համաշխարհային խաղերի ոսկե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը:
Օղակների վարժության որակավորման փուլում Թովմասյանը կոպիտ սխալ էր թույլ տվել եւ զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը՝ լինելով եզրափակչի առաջին պահեստային: Նա կարող էր եզրափակչին մասնակցել միայն այն դեպքում, երբ մարմնամարզիկներից մեկն ինչ որ պատճառով կհրաժարվեր մասնակցությունից: Այդ մարմնամարզիկը դարձավ Թովմասյանի թիմակից Արթուր Դավթյանը: Նա որակավորման փուլը հաղթահարել էր 5-րդ տեղով: Կարեւոր ու նաեւ ճակատագրական որոշումից հետո Արթուր Թովմասյանը հավաքվեց եւ եզրափակչում առաջին տեղը զբաղեցրեց.
«Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը եւ Արթուր Դավթյանը որոշեցին, որ եզրափակչում Արթուրին ես պետք է փոխարինեմ: Սա նշանակում է, որ ինձնից ակնկալիքներ ունեին: Ուրախ եմ, որ կարողացա արդարացնել նրանց հույսերը: Նորից ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Արթուր Դավթյանին ու մարզիչներին: Դժվար է լինել առաջին պահեստային, հետո հավաքվել եւ լավ հանդես գալ եզրափակչում: Ես ուշ երեկոյան իմացա, որ մասնակցելու եմ եզրափակչին, բայց երկու օր ժամանակ ունեի մարզվելու եւ հաղթանակին տրամադրվելու:
Որակավորման փուլում ցատկի ժամանակ երկու քայլ հետ գնացի, որը թանկ արժեցավ՝ ցածր գնահատական ստացա: Շատ դեպքերում նման ընթացքից ես ընկնում եմ, բարեբախտաբար այս անգամ ոտքի վրա մնացի: Երեւի այն մարզիկներից եմ, ում մոտ անփություն շատ կա:
Եզրափակչում իմ լավագույն կատարումը չարեցի, բայց կա արդյունք՝ դժգոհ լինել չեմ կարող: Մարզիչներս ասացին՝ ապրես տղաս, եթե նրանք գոհ են՝ ես նույնպես գոհ եմ:
Առաջիկա օրերի ընթացքում կարծում եմ, որ մարզիչներս թույլ կտան մի քանի օր հանգստանալ, բավականին ծանր մրցում էր: Երբ վերադառնամ մարզումների, կտեսնենք՝ ինչ ծրարգրեր կան առաջիկայում»,- ասաց Արթուր Թովմասյանը: