Մեր ամենատիտղոսակիր ըմբիշներից մեկը՝ Ռոման Ամոյանը, Մալխաս Ամոյանի հորեղբայրն է: Նա նույնպես աշխարհի երիտասարդական առաջնության օրերին Տամպերեում էր եւ Մալխասին ու հավաքականի մարզիչներին օգնում էր ինչով հնարավոր էր:
Ֆինլանդիայից վերադառնալով՝ Ռոման Ամոյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց.
«Շնորհավորում եմ բոլորիս: Մալխասի արծաթե մեդալը միայն իրենը չէ՝ բոլորինս է: Նա դժվարին ու տպավորիչ գոտեմարտեր անցկացրեց՝ հաղթելով ուժեղ մրցակիցների: Մալխասը ոսկե մեդալ չնվաճելու իրավունք չուներ: Ոսկին, պարզապես, նվիրեցին իրանցուն: Ճիշտ է, դրանում Մալխասն էլ մեղավորություն ուներ: Ըմբշամարտի կանոններով, երբ մարզիկը ոտքը դուրս է դնում գորգի սահմաններից, մրցակցին մեկ միավոր է տրվում: Բայց այս դեպքում մրցավարները Մալխասին պատժեցին երկու միավորով: Հաշիվը դարձավ 3:3 ու հաղթանակը շնորհվեց իրանցուն: Ես սա պարտություն չեմ համարում: Բայց վստահ եմ, որ Մալխաս Ամոյանը դեռ իր խոսքը կասի մրցագորգում եւ ինձ էլ կգերազանցի:
Շնորհակալություն եմ հայտնում ՀԱՕԿ-ին, հավաքականի, Մալխասի անձնական մարզիչներին, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, «Դինամո» ՄՀԿ-ին, բոլոր նրանց, ովքեր օգնել ու աջակցել են մեր հավաքականին»: