Բասկետբոլի Մ 16 տարեկանների Հայաստանի հավաքականը պատրաստվում է հուլիսի 22-30-ն Անդորայում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում թիմի ավագ մարզիչ Արեգ Վաթյանը հայտնեց, որ այսօր մեկնելու են Թբիլիսի: Այնտեղ ընկերական հանդիպում կանցկացնեն Վրաստանի իրենց հասակակիցների հետ.
«Այս պահին թիմը լիովին պատրաստ չէ: Տղաները շատ կարճ ժամանակ են միասին մարզվում եւ համատեղ խաղային փորձ չունեն: Ընկերական խաղեր ենք անցկացնում` այդ բացը լրացնելու համար: Նախորդ տարվա թիմից երեք բասկետբոլիստ է մնացել, մյուսները նորեկներ են:
Թբիլիսիում նաեւ երկու մարզում կունենանք, ապա կմեկնենք Անդորա»,- ասաց Արեգ Վաթյանը:
Մարզիչն անկեղծանում է, որ իր սաները որակներով զիջում են մրցակիցներին: Նրա խոսքով` փորձելու են պատվով հանդես գալ եւ բարձր պահել թիմային ոգին.
«Առաջին խաղը Ջիբրալթարի հավաքականի հետ է: Նրանց թիմում հանդես են գալու մի քանի բասկետբոլիստներ Մ 18 տարեկանների հավաքականից: Մոլդովան իր թիմն ուժեղացրել է ռուս խաղացողներով, Անդորան` իսպանացիներով, Կիպրոսը` հույներով: Այնպես որ` C դիվիզիոնում թույլ թիմ չկա»- նշեց Արեգ Վաթյանը:
Մ 16 տարեկանների Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են` Դավիթ Քարամյանը, Լեւոն Վաթյանը, Հովհաննես Պողոսյանը, Արսեն Արստամյանը, Աշոտ Հակոբյանը, Յուրա Հարությունյանը, Գեւորգ Ղազանչյանը (բոլորը` Հայաստան), Գեորգի Շախնազարովը, Նիկիտա Գալցեւը, Ալեքսեյ Չիժենոկը (Ռուսաստան), Սամվել Բունիաթյանը (Գերմանիա), Միկիա Ավեդյանը (Իրան):
Սամվել Բունիաթյանն այժմ մարզվում է թիմից առանձին` Գերմանիայում: Նա Արեգ Վաթյանից ստացել է բոլոր հանձնարարությունները եւ հավաքականին միանալու է մրցավայրում:
Արեգ Վաթյանի օգնականներն են` Սարգիս Ստեփանյանը եւ Գեւորգ Շախնազարյանը: