Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականներն Ուկրաինայում 18-օրյա հավաքից հետո վերադարձել են եւ նույն կազմերով մարզումները շարունակում են Աբովյան քաղաքում:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ Ուկրաինայում հավաքին մասնակցել է ընդհանուր առմամբ 20 ծանրորդ.
«Արտակարգ պայմաններ էին: Հավաքը լիարժեք ծառայեց նպատակին: Ուկրաինայում էին թե´ մեծահասակների, թե´ երիտասարդների եւ թե´ պատանիների հավաքականները: Յուրաքանչյուր տարիքային խմբի մարզիչ լուծում էր իր առջեւ դրված խնդիրները՝ ովքեր պետք է մասնակցեն աշխարհի երիտասարդական առաջնությանը, ովքեր են մեկնելու Համաշխարհային ուսանողական խաղեր: Իսկ ազգային հավաքականի հիմնական կորիզը, հասկանալի է, նախապատրաստվում է մեծահասակների աշխարհի առաջնությանը»,- ասաց նա:
Փաշիկ Ալավերդյանը տեղեկացրեց, որ երիտասարդների աշխարհի առաջնություն մեկնելու է երկու աղջիկ եւ չորս տղա. աղջիկներ՝ Սոնա Պողոսյան (75 կգ), Արփինե Դալալյան (+75 կգ), տղաներ՝ Սիմոն Մարտիրոսյան, որը հանդես կգա +105 կգ քաշային կարգում, Սամվել Գասպարյան (105 կգ), Հակոբ Մկրտչյան եւ Դավիթ Հովհաննիսյան (երկուսն էլ՝ 85 կգ):
Փաշիկ Ալավերդյանը նաեւ ասաց, որ ուսանողական խաղեր ամենայն հավանականությամբ կմեկնեն միայն տղաները.
«Վերջնական որոշում դեռ չի կայացվել, սակայն մտադիր ենք Ունիվերսիադա գործուղել միայն տղաներին, այն ծանրորդներին, որոնք մեդալի իրական հավակնորդ են՝ Անդրանիկ Կարապետյանին, Սիմոն Մարտիրոսյանին եւ Գոռ Մինասյանին»,-ասաց Փաշիկ Ալավերդյանը: