Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Ազատոճայինները եւս պատրաստվում են Թբիլիսիում կայանալիք միջազգային մրցաշարին:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ հավաքին հրավիրել է Հայաստանի չեմպիոններին, երկրորդ մրցանակակիրներին, եւս մի քանի ըմբիշի երիտասարդական հավաքականից.
«Սա լավ առիթ է, որ միջազգային մրցաշարի մասնակցեն նաեւ մեր երկրորդ համարները եւ հեռանկարային երիտասարդները»,-ասաց Արմեն Մկրտչյանը:
Մարզիչը տեղեկացրեց, որ Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ) հավաքականին կմիանան Թբիլիսիում, իսկ Լեւան Բերիանիձեն (125 կգ) բաց կթողնի մրցաշարը: