«Դիմանո» մարզադահլիճում այսօր մեկնարկեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը, որն անցկացվում է UWW-ի նոր կանոններով: Մասնակցում են Երեւանի, հանրապետության մարզերի եւ Արցախի շուրջ 250 ըմբիշներ:
Հայաստանի պատանիների հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում գոհունակություն հայտնեց մասնակցության քանակից, սակայն նշեց, որ հատկապես բարձր քաշային կարգերում քանակի եւ որակի հետ կապված խնդիրները մնում են.
«Ցածր քաշային կարգերում խոստումնալից մարզիկներ կան, իսկ ահա ծանր քաշերում խնդիրները մնում են: Այս առաջնության արդյունքներով կկազմավորենք հավաքական թիմը, որը կնախապատրաստվի Բոսնիա եւ Հերցեգովինայում (հուլիս)՝ Եվրոպայի եւ Հունաստանում (սեպտեմբեր)՝ աշխարհի առաջնություններին», - ասաց Գագիկ Խաչատրյանը:
Մարզիչը նշեց, որ պատանիների հավաքականի համար այդ ընթացքում կազմակերպվելու են ուսումնամարզական հավաքներ եւ մասնակցություն միջազգային մրցաշարերի: