«Մեր ութ բռնցքամարտիկներից յոթը մեդալ նվաճեցին. իհարկե գոհ եմ տղաներրից»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը՝ մեկնաբանելով Թբիլիսիում կայացած Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարի արդյունքները.
«Բացի գերծանր քաշային Դավիթ Չալոյանից, բոլորն էլ մրցանակային, այդ թվում երեք առաջին տեղեր զբաղեցրին: Վրաստանի մայրաքաղաքում անցկացված մրցաշարը բավականի ուժեղ կազմ էր հավաքել: Տանտերերը հիմնական կազմով մասնակցեցին, ժամանել էին Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի հավաքականները:
Այժմ կշարունակենք պատրաստվել հունիսի 14-26-ը Խարկովում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Բռնցքամարտիկների մի մասը կշարունակի ինձ հետ մարզվել «Դինամոյում», մյուսները՝ տեղերում:
Մայիսի վերջին պլանավորում ենք մեկնել Վարշավա, որտեղ համատեղ հավաք եւ ընկերական մրցամարտ կունենանք Լեհաստանի հավաքականի հետ: Մինչ այդ, ամենայն հավանականությամբ, ուսումնամարզական հավաք կանցկացնենք Ծաղկաձորում»,-նշեց Դավիթ Թորոսյանը:
Գլխավոր մարզիչը հավելեց նաեւ, որ մայիսին կկայանա պատանիների եւ երիտասարդների ՀՀ առաջնությունը: Ժամկետները պարզ կլինեն մոտ ապագայում: