Ռիո-2016-ը մեծ փորձ կլինի հայ աթլետների համար. Ռոբերտ Էմմիյան

15:15 - 27 Հուլ, 2016

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանն ամենաշատ ներկայացուցիչներն ունի աթլետիկա մարզաձևում:  Ամառային Խաղերի մեկնարկից հաշված օրեր առաջ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, լեգենդար հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը խոսեց մեր մարզիկների հնարավորությունների մասին:

 

-Պարոն Էմմիյան, 2012 թվականի Լոնդոնի խաղերին Հայաստանն ուներ 4 աթլետ, այժմ 6, ինչպիսի՞ ձեռքբերում եք համարում այս ամենը:

-Այո, այս խաղերը ռեկորդային են աթլետների համար՝ 6 մարզիկ: Մեր մարզիկները կարողացան իրենց արդարացնել ինչպես տեղական մրցաշարերում, այնպես էլ միջազգային առաջնությունների ժամանակ: Մենք իսկապես լավ աճող սերունդ ունենք, որը լավ է դրսևորում իրեն: Ինչպես օրինակ` Վրաստանում կայացած Եվրոպայի պատանիների առաջնությունում մեր ներկայացուցիչներից` 4-ից 3-ը հաղթահարեցին որակավորման փուլը: Տարիներ առաջ միայն մեկ կամ երկու մասնակից ունեինք, հիմա հնարավորություն է տրվում շատերին: Ռիո-2016-ը մեծ փորձ կլինի հայ աթլետների համար:

-Ովքե՞ր են աթլետիկայի օլիմպիական հավաքականի հիմնական հենասյուները:

-Եթե մեր մարզիկները անեն այն, ինչին ունակ են, ապա մեզ կհաջողվի հաղթահարել որակավորման փուլը: Ամալիյան, Գոռը և Լևոնը մեծ ներուժ ունեն:

-Պարոն Էմմիյան, սրանք ձեր որերո՞րդ Օլիմպիական խաղերն են, որոնց մասնակցում եք:

-Ես` անձամբ, մասնակցել եմ 6 Օլիմպիական խաղերի: Առաջին անգամ մասնակցել եմ 1988 թվականի Սեուլի Օլիմպիական խաղերին: Օլիմպիական խաղերը եղել և մնում են խաղաղության խորհրդանիշ:

-Ինչպիսի՞ հեռանկարներ ունի աթլետիկայի նոր սերունդը:

-Անշուշտ, նոր սերունդը լավ տրամադրված է և գիտակցում է՝ ինչ խնդիրների առաջ է կանգնած: Մեր մարզիկներն ունեն այն ներուժը, որը հնարավորություն կտա նրանց մրցունակ լինելու միջազգային ասպարեզներում:

-Ֆեդերացիայի պլաններում կար Երևանում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի ունենալու նախագիծը: Ի՞նչ փուլում է այն:

-Այո, իրավացի եք: Օր օրի վրա սպասում ենք միջազգային փոխանցմանը, որ ամենաուշը` սեպտեմբեր ամսին «Հրազդան» մարզադաշտում կառուցվի միջազգային ստանդարտներին համապատասխան վազքուղի: Այն լինելու է միջազգային ստանդարտներին համապատասխան և ունենալու է լավագույն որակը: 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում լինելու են այն նույն վազքուղիները, ինչ որ մենք կպատրաստենք այստեղ:

-Այդ դեպքում մենք հնարավորություն կունենանք Հայաստանում միջազգային մրցաշարեր անցկացնել:

-Վազքուղին մեզ հնարավորություն կտա Երևանում միջազգային մրցաշարեր անցկացնել: Պայմանավորվածություն կա 2017-18 թվականներին միջազգային մրցաշարերից մեկը մեզ մոտ անցկացնելու վերաբերյալ:

 

Հ.Գ. «Կցանկանայի մեր ամբողջ օլիմպիական թիմին մեծ հաջողություն մաղթել ամառային Օլիմպիական խաղերում: Տա Աստված, որ Ռիոյից վերադառնանք մեդալների մեր հավաքածույով: Մեր երկրում մեծ աշխատանք է տարվում սպորտի մասսայականացման համար: Այդ գործում իր մեծ ներդրումն ունի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը»:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին  

 

 

 

Այլ նորություններ