Բասկետբոլի Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների ազգային թիմը դարձավ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հաղթող: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանն ամփոփեց առաջնությունը և խոսեց B դիվիզիոնի մասին:
-Պարոն Հարությունյան ի՞նչ գնահատական կտաք եզրափակիչ խաղին:
-Բնականաբար, մենք մի լավ ուսումնասիրել էինք մեր մրցակցին: Ամեն ինչ գիտեինք այդ թիմի մասին, և մեզ ոչինչ անակնկալի չբերեց: Գիտեինք նրանց բոլոր գործողությունների և իրենց մտածած խաղային պլանի մասին: Իրոնք պատրաստ էինք:
-Այս տեսակ հաղթանակների համար բավականին երկար ճանապարհ եք անցել: Ինչպիսի՞ն էր այն ձեզ համար:
-Երեխաների հետ խոսելիս ասացի, որ սա իմ կյանքի երազանք է եղել: Մինչ մեզ հավաքականները 3-րդ տեղից բարձր հորիզոնականը չեն զբաղեցրել: Հիմա, երբ հիշում ենք մեր առաջին խաղերը 2008 թվականին ամաչում ենք: Արդեն լուրջ ֆեդերացիա ունենք և հավաքական թիմեր: Ամիսներ շարունակ բասկետբոլիստներ ենք փնտրել և գտել: Այս հաղթանակը պատկանում է ամբողջ ֆեդերացիային: Կուզենայի նաև բոլոր մարզիչներին անհատապես շնորհակալություն հայտնել:
-Հիմա արդեն հանդես եք գալու B դիվիզիոնում: Ինչ սպասելիքներ ունեք և ինչ մրցակիցներ եք ունենալու:
-Դեռևս այս տարի հավաքականը պետք է համալրեին ևս 3 բասկետբոլիստներ, բայց անհաջող ստացվեց: Նույնիսկ Ամերիկայից մի բասկետբոլիստ պետք է միանար մեզ, սակայն չստացվեց, նա թիմի հետ կաշխատի արդեն մյուս տարի: Ֆեդերացիան ամեն օր շարունակելու է հավաքականի կազմը համալրելու և նոր բասկետբոլիստներ գտնելու գործը: Մենք փորձեցինք ներքևից բարձրանալ վերև, ոչ թե վերևում ինչ-որ բաներ փորձել: B դիվիզոնում հանդես են գալիս բավականին լուրջ թիմեր, սակայն ոչ այն թոփ-16 եվրոպական հավաքականները: Այնտեղ պայքարն ավելի լուրջ է, քան C դիվիզիոնում էր: Պետք է նախապատրաստական լուրջ աշխատանք տանենք:
ՀԱՕԿ լրատվության բաժին