ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐ

12:27 - 04 Նոյ, 2024

Լեհաստանի Ռաշին քաղաքին հրաժեշտ տվեցին Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկան ծանրորդների առաջնությունների մասնակիցները:

Մրցաշարի վերջին եռօրյայում մեր պատվիրակները գրեթե կրկնապատկեցին նվաճած մեդալների քանակը:

23 տարեկանների մրցավեճում չեմպիոն դարձան նաև 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը, որը երկամարտում ցույց տվեց 402 կգ արդյունք / նա, ի դեպ,  ճանաչվեց նաև մրցաշարի լավագույն ծանրորդ /,  + 109 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը՝ 384 կգ, 87 կգ քաշային Լիանա Գյուրջյանը ՝ 230 կգ: Փոխչեմպիոնի  պատվին արժանացան 81 կգ քաշային Միլենա Խաչատրյանը ՝ 218 կգ  և 87 կգ քաշային Մարգարիտա Առաքելյանը ՝ 214 կգ:

20 տարեկանների մրցավեճում ոսկե պարգևի արժանացան 87 կգ քաշային Ջուլիետա Ավանեսյանը՝ 235 կգ և  102 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը ՝ 347 կգ:Պատվանդանի երկրորդ աստիճանին կանգնեցին  + 87 կգ քաշային   Մերի Թումասյանը՝ 220 կգ և + 109 կգ քաշային Աշոտ Մովսիսյանը՝ 359 կգ, իսկ  89 կգ քաշային  Մնացական Աբրահամյանը գրավեց երրորդ տեղը:   

Ընդհանուր հանրագումարով Հայաստանի ներկայացուցիչները երկամարտում նվաճեցին 22 մեդալ. 13 ոսկե, հինգ արծաթե և չորս բրոնզե: Հարկ է ավելացնել, որ երկամարտի և առանձին վարժությունների հաշվարկով մեր  մարզիկներն արժանացան 61 մեդալի / 33 ոսկե, 17 արծաթե և 11 բրոնզե /:

Փաստորեն Հայաստանի 28 ծանրորդներից 22 –ը տեղ գտավ պատվո պատվանդանի վրա: Հավելենք, որ 20 տարեկաններից լավագույն մարզուհի է ճանաչվել Ալեքսանդրա Գրիգորյանը, իսկ մարզիկ՝ Նարեկ Մկրտչյանը:

Ավագ տարիքայինների թիմային պայքարում մեր տղաները առաջինն են,  աղջիկները ՝ վեցերորդը: 20 տարեկանների թիմայինում տղաները երրորդն են, աղջիկները ՝ հինգերորդը: Արժե նշել, որ մեր աղջիկների թիմերը լրիվ կազմերով չէին մեկնել մրցավայր:    

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն,  փառահեղ մրցելույթների առթիվ, շնորհավորում է ծանրորդներին, նրանց անձնական, հավաքականների մարզիչներին, համապատասխան մարզական կազմակերպություններին և, իհարկե, թիմերի աշխատանքները համակարգող,  հմուտ մասնագետ, իր գործի նվիրյալ Փաշիկ Ալավերդյանին:

Մրցումները ցույց տվեցին, որ բարձունքում գտնվող  հայկական ծանրամարտը կրկին հաստատեց առաջատարի համարումը,  ու նաև այն, որ  ունենք արժանի հերթափոխ:

Այլ նորություններ