Անցյալ տարի՝ 2023թ. Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված աշխարհի երիտասարդական երկրորդ առաջնությունից հետո ՀԱՕԿ – ի կայքէջը ընթերցողին էր ներկայացրել հետևյալ հաղորդագրությունը. << Մեր պատվիրակները պարզապես հիացրին իրենց վստահ և կայուն մրցելույթներով: Մասնավորապես Էջմիածինցի 15 –ամյա Համլետ Մանուկյանը փայլեց նժույգթափերում և օղակների վրա կատարած վարժություններով արժանացավ մրցավարների բարձր գնահատանքին ու դարձավ աշխարհի երիտասարդների կրկնակի չեմպիոն և ոսկե մեդալակիր:
Հմայիչ էր նաև 16 –ամյա Մամիկոն Խաչատրյանի << նժույգի սլացքը >>: Նա նույնպես արժանի է ամենաջերմ գովասանքի, քանզի Համլետի հետ բարձրացավ պատվո պատվանդան և կանգնեց փոխչեմպիոնի աստիճանին:
Մեր մեդալակիրները փաստորեն քայլում են հայրենական սպորտի նահապետ, Հելսինկիի օլիմպիական խաղերի / 1952թ. / երկուական ոսկե և արծաթե մեդալակիր, << նժույգի արքա >> համարումը ստացած, մեծն Հրանտ Շահինյանի բացած չեմպիոնական արահետով: Զարմանալ ու նաև հուզվել կարելի է այն բանի համար, որ եզրափակիչ մտած աշխարհի ութ առաջատար մարզիկներից երկուսը հայաստանցի են, այն էլ ՝ լավագույնները . . . >> :
Գրեթե նույն սցենարը կրկնվեց նաև օրերս: Մեկ տարով մեծացած նշած տղաները մարզական լուրջ առաջընթաց են ունեցել: Այդ մասին վկայեց Իտալիայի Ռիմինի քաղաքում երեկ ավարտված Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Նրանք դարձյալ մտան եզրափակիչ և ուժեղագույն ությակի պայքարում կրկին բարձր պահեցին սպորտային մարմնամարզության հայրենական դպրոցի պատիվը:
Համլետը նժույգթափերում վարպետ կատարումով առանձնացավ: Քանիցս դիտեցինք էջմիածինցի մարզիկի եզրափակիչ ելույթը, որը չափազանց տպավորիչ էր և մեծ բավականություն պատճառեց: Նա օրինաչափորեն ճանաչվեց չեմպիոն և պարգևատրվեց ոսկե մեդալով: Նրա թիմակից Մամիկոնը այս անգամ բավարարվեց բրոնզե պարգևով, որը նույնպես բարձր ցուցանիշ է: Գովելի է, որ Մամիկոնը կատարման ընթացքում է զգացել իր սխալները և այդ մասին, ի տարբերություն շատ մարզիկների՝ անկեղծացել է: Սա վկայում է, որ երևանցին անպայման կշտկի իր թերությունները:
Երիտասարդականի բազմամարտում վստահ ելույթներ ունեցավ Ռոբերտ Գյուլումյանը, որը հաջողությամբ հաղթահարելով նախնական փուլի արգելքը, մտավ եզրափակիչ և լավագույնների պայքարում գրավեց 24 –րդ տեղը:
Մրցաշարը հաստատեց, որ մեր ազգային թիմը հուսալի հերթափոխ ունի: